Մենք հասել ենք այն սահմանին, որ պիտի կանգնենք

22.04.1992 թ.

«Հայաստանի Հանրապետություն»

ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Հայաստանը մեկ տարի հետո

1993 թիվ: Առավոտ: Արյունոտ լիճ: Մարդկանց դիակները լողում են ջրի երեսին: Այրվում են վերջին անտառները: Կռիվ է գնում հայերի եւ թուրքերի միջեւ: 1994 թիվ: Հաշտություն են կնքել։
ԹՈՐՈՍ ԹՈՐՈՍՅԱՆ
«Մխիթար Սեբաստացի» կրթօջախ , 8 – րդ դասարան

Իմ սրտին ինչպես կապար ծանրանում է մեր իրականության այսօրը: Անընդունակ փակվելու մի որեւէ «նեղ կուսակցական վանդակում» ու խելոք-անվտանգ ճառելու, հենց այնպես, հանրությանը դուր գալու համար, պարտավոր եմ ու պարզում եմ իմ վերաբերմունքը մեր անցուդարձին: Թեկուզ համաձայն չլինեք հետս, մի՛ կասկածեք, որ «անտեղի մտքերը» միշտ տեղ են ունեցել ինձանում: Ինձ շարժում են ոչ թե «տիրող հանգամանքները», այլ հազարավոր երեխաների ուսուցիչը, հայոց խորհրդարանում իմ համայնքի պատվիրակը ու Հայոց հանրապետության քադաքացին լինելու պատասխանատվությունը: Ուսուցչի, պատգամավորի ու քաղաքացու պատասխանատվությունը ներշնչում են ինձ անկեղծ լինել ամենից առաջ:

Ինձ շատ է հետաքրքրում, թե ինչից սկսվեց այս բոլորը:
ՄԻՆԱՍՅԱՆ ՎԱՀԱԳՆ
«Մխիթար Սեբաստացի» կրթօջախ, 8-րդ դասարան

Ահագնացող կենցաղը, մարմին, հոգի ու միտք մաշող մեր քառամյա չարչարանքը ոչինչ է, կամովին ընդունված վճար է հայոց նորելուկ պետականության համար, եթե այս մաքառումը զորացներ մեր հույսը, համախմբեր մեր հավաքական ուժը: Մեր առաջ այսօր արգելափակոց ու փակուղի է, ավա՜ղ, չտեսնել ու չխոստովանել չենք կարող, անդուռ ու անճեղք խուլ պատ է, որ այդպես էլ չի հաղթահարվում ու չի շրջանցվում: Մեր մի մասին՝ մեր շարունակություն արցախցուն, անկախ ու ազատ պետության մեջ ապահով տեսնելու մեր նվիրական-արդար ձգտումը չի իրականանում: Ի՞նչ պիտի անեինք, որ չարեցինք, որ չենք անում՝ մեր ձգտումը իրագործված տեսնելու:

Մի՛ կասկածեք ու մի՛ թերագնահատեք: Մեր սերունդը, մեր ժողովուրդը այս պայքարին անմնացորդ ու անդավաճան տվեց իր ունեցած լավագույնը՝ լավագույն որակները, լավագույն անձանց: Մեր սերնդի արդարության, ազնվության, տոկունության, միասնության, անձնազոհության հավաքական դրսեւորման Արցախյան շարժման քառամյա պատմությունը հիացմունքի է արժանի: Չորս տարի, թվում էր՝ եւս մի օր, եւս մի քայլ, եւս մի քիչ եւ … Այսօր, ավա՜ղ, վերջը չի երեւում:

Անելանելիությունից, անզորությունից ծնվող անխուսափելի դժգոհություն-անբավարարվածությունը, վատթարացող կյանքը պարարտ հող են կասկածի ու թյուրիմացության, պղտոր մտքի ու թունոտ հոգու համար։ Անգիտակից թշնամությունը սպառնում է մեզ վերջնականապես իրարից ջլատել-անջատել, որպես հակառակորդներ, հանել միմյանց դեմ արցախյան ու անկախության պայքարի զինակիցներին, վտանգվում է հայոց պետականության լինելիությունը: Դարերի մեր արդյունք-իմաստությունը արցախյան շարժման քառամյա փորձության ու տառապանքով թարմացրած մի ժողովրդի անվայել է այլեւս անգիտանալ իր կյանքը ու ծփալ, նորից, որերորդ անգամ տարուբերվել ժամանակի ալեկոծության քմահաճույքին անձնատուր: Եթե այս դրությունը բնական-հասկանալի էր մեզ 1988թ. փետրվար-հունիսին, եթե այս դրությունը վեհացնում է ու պատիվ բերում այսօր Արցախում անձնազոհությամբ հիացնող հազարավոր հայ մարտիկներին, ներելի չէ մեզ՝ մտավորականին ու քաղաքական գործչին: Մենք չենք կարող չապրել այս ժողովրդի կյանքն ու պատմությունը: Այսօր, ահա, շատ քիչ բան է պահանջվում մեզանից՝ լինենք այնքան իրատես-պատասխանատու, որ դեպքերի-իրադարձությունների ետեւից չգնանք՝ շարունակ մնալով դրանց պասիվ վիճակագիրը, որ առաջ անցնենք, վերջապես, որոնենք, ցույց տանք մարդկանց ելքի դուռը, մեր հետագա ճանապարհը: Չե՞ք տեսնում՝ մենք հասել ենք այն սահմանին, որից այն կողմ «այրվում են վերջին անտառները»…

«Կռիվներին դեմ եմ, որովհետեւ մարդկությունը հասել է այն մակարդակին , որ ամեն բան կարելի է հասկացնել խոսքով»:
ՍՈՆԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
«Մխիթար Սեբաստացի» կրթօջախ, 8 – րդ դասարան

Զեզ չի՞ թվում, հայրենակիցնե՛ր, որ, այո՛, 1988 թ. փետրվարին համազգային պոռթկում-ոգևորվածությամբ լծվեցինք մի խնդրի, որի լուծումը այսօր այն տեսքով, որ փնտրում ենք, մեր ուժերից վեր է եւ սպառնում է, թող քիչ, բայց մեր ունեցածի կորստով: Մենք չենք մեղավորը, ոչ էլ մեր շնորհքի, վճռականության ու նվիրումի պակասը: Ո՛չ : Աշխարհը, քաղաքակիրթ աշխարհն իր իրողություններով, պետություն-ազգերի հարաբերման, վիճելի տարածքային-ազգային հարցերի լուծման այսօրվա օրենքներով պարտադրում է մեզ իրենը: Հրաշքով պահպանելով մեզ որպես ապրող ազգ, այսօր ահա իրագործած դարերի մեր երազանքը՝ որպես անկախ պետություն ապրելու միավորված ազգերի ընկերակցությունում, կարո՞ղ ենք չընդունել այդ ընկերակցության կեցության պայմանները, հանդգնել-պարտադրել մեծ աշխարհին խաղի մեր կանոնները… Հանդգնելը հանդգնենք, բայց ի՞նչ հույսով-ելքով: Որ նորի՞ց հայտնվենք խաղից դուրս…

«Ես գտնում եմ, որ ճգնաժամը կարելի է լուծել բանակցությունների միջոցով: Երկու կողմերն էլ պետք է որոշ զիջումներ անեն: Չ՞է որ , ե՛վ հայերը, ե՛վ ադրբեջանցիները այստեղ կորուստներ են տալիս: Ես դեմ եմ պատերազմին»:
ՔՐԻՍՏԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Մխիթար Սեբաստացի» կրթօջախ, 8-րդ դասարան

Միջազգային բոլոր փաստաթղթերում այսօր միաժամանակ արձանագրված են երկու սկզբունք՝ պետության տարածքի անբաժանելիության՝ սահմանների անխախտելիության եւ ազգի ինքնորոշման: Բայց ո՞րն է սրանցից առաջնայինը, բարձրը, միջագգային իրավունքը դեռեւս չի որոշել ու չի էլ որոշի, բայց, ա՛յ, միջազգային պրակտիկան նախապատվությունը տալիս է պետության սահմանների անխախտելիությանը: Երկու համաշխարհային պատերազմներում վերաձեւված, աշխարհի խաղաղությունը աչալուրջ վերահսկող քաղաքակիրթ պետությունների դաշինքը սարսափում է քաղաքական քարտեզի նոր փոփոխություններից: Պետությունների առաջացման օրենքները նույնպես գաղտնիք են մնում: Պարզ է, որ նրանք չեն առաջանում ինչ-որ մեկի թելադրանքով կամ ցանկությամբ: Բայց մի օրինաչափություն աշխարհը մեծ տառապանքով նվաճել է, այսօր հասու է հաստատ՝ ազգը հավասար չէ պետությանը: Քանի՞ ազգեր տասնյակ տարիներ ու նաեւ դարեր ապրել-ապրում են իրենց պատմական տարածք համարվող հողերի վրա, որեւէ պետության կազմում՝ ունենալով կամ չունենալով ինքնավարության որեւէ կարգավիճակ: Ազգի ինքնորոշման սկզբունքը անկախ պետության ձեւով գործում է եւ իրականացվում բազում պայմանների առկայությամբ: Այս սկզբունքին շարունակ արգելքներ են դեմ անում միայն առողջ միտքը, ողջախոհությունը, չափի գգացումը, ագգի ինքնապահպանության բնազդը: Ահա այս իրողությանների հետ է համբերատար ու նրբանկատ փորձում մեզ ծանոթացնել-հաշտեցնել աշխարհը՝ իր ՄԱԿ-ով, Եվրախորհրդով ու ԱՊՀ-ով: Ազգը հավասար չէ պետությանը:

Ի՞նչ ենք ի վերջո պատասխանելու մենք՝ որպես այս ազգի մտավորականներ ու քաղաքական գործիչներ: Շարունակելո՞ւ ենք խաբել ինքներս մեզ ու ժոդովրդին՝ հանգստացնելով մեր վրդովված խղճմտանքն ու տանելու ժողովրդին դեպի նոր ընդհարումների: Շարունակելո՞ւ ենք գնալ նույն ճանապարհով, նույն կարգախոսներով՝ թե՛ քաղաքական խառնաժողովներում, թե՛ խորհրդարաններում, թե՛ մամուլի էջերում, թե՛ երիտասարդության շրջանում… միշտ ատելություն բորբոքելով, թունավորելով հասարակական առողջ միտքը, փորձելով գրավել ավելի մեծ բազմություններ, թշնամացնելով մեզ աշխարհի հետ, արհամարհելով իրատեսություն ու անհերքելի իրողություններ:

Ես այս ասել եմ 1990 թվի հունվարին, Ռիգայում, երբ սովետական զորքով նվաճված Բաքվի դեպքերով խանդավառ, մենք վիժեցրինք բանակցություններն Ադրբեջանի ազգային ճակատի հետ: Բարձրաձայն ասել եմ Կապանում, Եղեգնաձորում, Երեւանում, երբ մեր հաղթանակներից գինովցած, թվում էր՝ ուր որ է, հաղթական Բաքու ենք մտնելու: Ասել եմ վերջերս, Արտաշատում, անկեղծ ու ամբողջական, որ, ավա՜ղ, «Երկիր» թերթը աղճատեց, խուզեց, այլանդակեց իմ միտքը՝ թույն ու քեն թափելով իր լրագրողի մի քանի խղճուկ տողերով: Բայց ես մեղավոր եմ, ես պարտավոր էի շատ ավելի լսելի, համարձակ ու հետեւողական լինել: Մենք՝ մտավորական ու քաղաքական գործիչներս, Հովհաննես Թումանյանի հոգեւոր ժառանգորդը չեղանք, մեր երկչոտ ձեռքերը այդպես էլ չգնացին սպիտակ դրոշի… Դառնացած-չարացած-հիասթափված-նեղացած մեր նորելուկ պետության նախագահից, մեծ ու փոքր իշխանավորներից, Հայոց համազգային շարժման ինքնակոչ ղեկավարներից, վրե՞ժ ենք լուծում, քաղաքական մեր նենգ խաղերին աղմուկ-աղաղակով ժողովու՞րդ ենք կանչելու՝ թե տես, ա՛յ ժողովուրդ, Արցախ-Արցախ ասելով եկան իշխանաթյան գլուխ, հիմա փոխանակ Արցախի փաստացի անկախությունը ճանաչելու, դավաճանում են ազգի՞ն… Շատ է տգեղ: Առողջ, աշխատավոր մարդը, մեր ողջախոհ ժողովուրդը արդեն վճռել է: Մնում է ասենք իրար՝ ինչ մտածում ենք մենք բարձրաձայն ու հստակ:

Մինչեւ այս մենք ազգովի մեկ էինք մեր ձգտումներով, պայքարի մեր ձեւերով: Այսօր ահա, կարող ենք երկուսը լինել: Նա, ով թքած ունի իրատեսության, չափի զգացման ու ողջախոհության վրա, նա կփորձի առաջ ընկնել «մահ կամ ազատություն» գոչելով, տանելով մարդկանց հաստատ կործանման: Այսօր կարելի է հռչակել Արցախի անկախությունը, ոչ թե Ադրբեջանից խլելով-պաշտպանելով Լեռնային Ղարաբաղը, այլ պատերազմով նվաճելով-ծնկի բերելով Ադրբեջանին: Սա հնարավոր է միայն իսկական պատերազմով Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ, որը խելահեղություն է, ավանտյուրա: Առանց պատերազմի, առանց պատերազմում հաղթվելու Ադրբեջանը չի զիջելու Արցախը: Եվ քաղաքակիրթ աշխարհը, մեր հզոր հարեւանները հաստատ բռնելու են Ադրբեջանի կողմը: Նրանք, ովքեր գիտեին այս ճշմարտությունը դեռ 1988 թվականին, կա՛մ չունեցան այդքան համարձակությունհեղինակություն՝ հասու դարձնելու մեզ քաղաքականության այս այբուբենին, կա՛մ անականջ սերունդ եղանք մենք։ Ներող ու մեծահոգի եղե՛ք: Վերջապես բարձրաձայն ու հասու ասե՛ք ձեր տեսակետը: Հիմա:

Արցախում ես չեմ կռվել, ավելին՝ այս չորս տարիների ընթացքում Արցախում չեմ եղել: Ես արցախյան շարժման մասնակից հարյուր-հազարից մեկն եմ, ամենահամեստը իմ ներդրումով: Արցախում կռվողը, Արցախում զոհվողը իմ եղբայրն է, ինձանից արժանավորը, եւ դո՛ւ, անձնուրաց եղբայր, ինձ ճիշտ կհասկանաս: Ոչ էլ իզուր է քո հերոսական կռիվը, դու արցախցի քո հայրենակցին թև եղար, չորս տարի ահեղ թշնամուց պահպանեցիր Արցախը, անհերքելի ապացուցեցիր աշխարհին ու Ադրբեջանին, որ բռնի ուժով նվաճել մեր հայրենի տունը ոչ ոք չի կարող: Սա անպայման ապացուցել էր պետք, եւ դու դա փառահեղ արեցիր, թե չէ կրկնվելու էր Սումգայիթն ու Բաքուն, Գետաշենն ու Ազատը: Ակնհայտ է, որ արցախցուն բռնի ուժով չես տեղահանի: Մնում է ապրելը: Ես ասում եմ, այո՛, ես վախենում եմ, ես հայր եմ եւ ուսուցիչ, պարտավոր եմ ապահովել իմ երեխաների կյանքի անվտանգությունը:

Ես ասում եմ, կա՛նգ առեք. այսօր մենք շահած ենք, սրանից ավելին չարիքն է: Առճակատման ուժեղացումով, պատերազմով մենք հաստատ կորցնելու ենք Արցախը, դատարկվելու է հայրենի հողը իր բնիկ ժողովրդից: Առնականացած, իմաստնացած, իր հողը մաքրած, հողի քաղցրությունը վերապրած, ներքին ազատությունը նվաճած, հողի համար լավագույն զավակներին կորցրած արցախցին չի վախենում, չպիտի վախենա այլեւս ադրբեջանցուց եւ կարող է ինքնավստահ ապրել Ադրբեջան պետության կազմում: Պարտավոր է, քանզի անխուսափելի է՝ հո չի՞ լքելու հայրենի տունը: Արցախցու ներքին գործը չէ միայն այդ որոշումը: Մայր Հայրենիքի թելադրանքն է: Հայոց հանրապետության ծնունդով բոլորս այլ ենք այլեւս, պատասխանատու Հայրենիք-պետության լինելիության համար, ամերիկահայից մինչեւ արցախահայ: Հայաստանը Արցախի համար արեց հնարավոր-առավելագույնը: Հիմա Արցախի հերթն է:

Արցախցին գիտե, չի կարող չգիտենալ, որ պատասխանատու է Հայրենիք-Հայաստանի լինելիության համար: Արցախցին չի կարող չտեսնել-հանդուրժել Հայաստանի արյունաքամ լինելը, չի կարող ներքաշել նրան անմիտ պատերազմի մեջ: Հաղթողին չգիտեմ, մենք այդ պատերազմի պարտվողներն ենք, հաստատ է: Այս վեճ-առճակատման մեջ հաղթողներ չեն կարող լինել, չպիտի լինեն: Պատկերացնենք մի պահ՝ կողմերից մեկը իրեն պարտված է զգում: Շարունակելու ենք, չէ՞, իրար կողքի ապրել: Պարտվածը թույն է ամբարելու, մի օր խայթելու է, ու մի նոր գզվռտոցի սկիզբ է դրվելու:

Ի՞նչ ենք անում: Տղայական-մաքուր, ոգեւորված ժամանակավոր ու շրջելի ռազմական հաջողություններով, ադրբեջանական մի քանի գյուղ մաքրում-ավիրումով մտնել մեծ քաղաքականության մեջ՝ կառուցելով յոթ ենթադրության վրա հիմնված ազգափրկիչ տեսությու՞ն: Աշխարհի հզոր պետությունների քաղաքականության վրա խորհրդածող կուլտուրական ժողովրդի դերը ստանձնել, խորհրդածություններ անել, եզրակացություններ անել, քաղաքական «եթե»-ների շղթա հյուսել, սխալներ գործել եւ, թող զարմանալի չթվա, հզորներին նույնիսկ զգուշացնել ու սպառնալիքներ անել, ճիշտ ու ճիշտ Եզոպոսի աստղաբաշխի նման, որ դիտակն աչքերին, աստղերը դիտելով, առանց իր ոտքի տակի ճանապարհը նայելու առաջ է գնում եւ ընկնում ջրհորը:

Ականջ չանե՞նք Հովհաննես Թումանյանին: Աստծո անեծքը աշխարհի բոլոր հզոր տերությունների գլխին:

«Մեզ ամենից առաջ մի ճշմարիտ հայացք է պետք ստեղծել, մի պարզ վերաբերմունք մշակել դեպի այն պետությունները, որոնց, այո՛, ձեռքի տակ գտնվում ենք: Մի գիտակցական, մտածված վերաբերմունք, որ գոյություն չունի ամենեւին, եւ միշտ առաջնորդվում ենք քամու հոսանքներով, նախապաշարումներով ու թյուրիմացություններով, ամեն անգամ էլ դառնությամբ հաշվելով մեր կոպիտ սխալներն ու կորուստները, ամեն անգամ էլ ամեն մեկս ետին թվով հանդիսանալով խելոք ու հեռատես, երբ եղածն անցել է անդառնալի»:

Կանգ չառնե՞նք, այս անգամ մեզ ոչ բնորոշ առաջին թվով չլինե՞նք խելոք ու հեռատես:

Հայաստանի ու Արցախի կողմից ակտիվ, եռանդուն, սկզբում անգամ միակողմանի քայլեր են պետք կրակի դադարեցման նպատակով: Աշխարհը Արցախի, Հայոց խորհրդարանի, նախագահի ու ժողովրդի հավաստումը պիտի ունենա, որ մենք տեսնում ենք Արցախի հիմնահարցի այնպիսի կարգավորում, որը չի խախտի Ադրբեջանի հանրապետության տարածքային ամբողջականությունը: Արցախը կստիպի Ադրբեջանին, կստիպի իր անկոտրում հաստատակամությամբ, անհաղթահարելի դիմադրությամբ, որ իր գոյության համար ստեղծվեն նպաստավոր պայմաններ, որոնք կապահովեն արցախցու կյանքի անվտանգությունն ու բարեկեցությունը: Աշխարհն իր ՄԱԿ-ով, Եվրախորհրդարանով, ԱՊՀ-ով հնարավորություն կստանա լինել Արցախի նոր ինքնավարության երաշխավորը: Հարցի միջազգայնացումը սրանով միայն իմաստ կստանա:

Հեշտ ու անմիջապես չի լինելու Ադրբեջանի կազմում Արցախի ինքնավարության նոր կարգավիճակի արձանագրումը: Բայց սա է ուղիղ ճանապարհը: Մնացյալները փորձված են արդեն ու այսօր փակ, դեպի կորուստ տանող: Վաղը կգա, իր լածումը՝ հետը:

Հայաստանի Հանրապետության նախագահը հայոց խորհրդարանի դատին է ներկայացրել կառավարության մշակած «ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման հիմնադրույթները»: Հաստատ վիճելին շատ է այս ծավալուն փաստաթղթում․ է՜, կշտկվի-կճշտվի կամբողջանա քննարկման արդյունքում: Ինձ համար անվիճելի են սակայն տնտեսական քաղաքականության հիմնական սկզբունքները բնորոշող հետեւյալ հատկանիշները. բազմակողմանի արտաքին տնտեսական կապեր՝ տնտեսական անկախաթյան իմաստը դիտելով տնտեսության բազմակախվածաթյան մեջ, դեպի հարավ եւ արեւմուտք կոմունիկացիաների զարգացում՝ նպատակ ունենալով փակուղուց վերածվելու խաչմերուկի, հանրապետության երկքաղաքական դիրքի առավելագույնս օգտագործում եւ այն միջազգային ֆինանսական կենտրոնի վերածում… Սա զարգացման ծրագիր է, որի իրագործման գլխավոր նախապայմանը, կուզեք միակ նախապայմանը, կայուն, շուտափույթ ու հարատեւ խաղաղության հաստատումն է մեր ռեգիոնում: Մենք դատապարտված ենք խաղաղության անխուսափելիության մեր տեսակով, մեր դիրքով, մեր հողակտորի մեծությամբ ու մարդկանց թվաքանակով: Ինչ-որ լավ բան է եղել, լինելու է մեզ հետ, եղել-լինելու է սիրով, իսկ սրով՝ երբեք: Բանաստեղծական աշխարհում խաղաղության այս դատապարտվածությունը Դանիել Վարուժանի «Անդաստան» բանաստեղծության հնչեղությունն ու իմաստն ունի: Մեր նոր հիմներգը քանի՞սս գիտենք․

Արեւելյան կողմն աշխարհի
Խաղաղության թող ըլլա…

Ֆիզիկական ուժի առճակատման դեպքում, պատերազմելիս միշտ տանուլ ենք տվել ու տալու: Չորս տարի մենք կռվի մեջ ենք, գոյատևում ենք, տնտեսությունը արյունաքամ է լինում, անլուրջ է անգամ զարգացման ծրագրի մասին խոսելը: Չխաբենք իրարու, գոյատեւող-մաքառող հանրապետության կառավարությունը չի կարող տնտեսության զարգացմամբ զբաղվել: Երեք կառավարության ենք փոխել: Շեն մնա, հանրապետության նախագահը, էլի կփոխեք, սարսափելի չէ, միեւնույնն է՝ ոչինչ չի փոխվի, եթե խաղաղ չէ երկիրը…

Ինձ համար ամենակարեւորն այն է, որ պատերազմ չլինի, եւ երկրում միշտ տիրի խաղաղություն: Ես արդեն հոգնել եմ այս ամենից, մարդիկ անդադար իրար միս են ուտում, իրար արյուն թափում: Կյանքը կարճ է, այսօր կանք, վաղը՝ ոչ: Եվ մենք այդ կարճ ժամանակամիջոցում պիտի անենք մի օգտակար գործ, այլ ոչ թե իրար ոչնչացնելով ապրենք: Այս ամենը կանգնեցնելու համար պետք է մեծ ջանք գործադրել: Բայց պետք է գործադրել, թե չէ այս ամենը կվերջանա շատ վատ: Անգամ  «շատ  վատք» այն խոսքը չէ:
ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
«Մխիթար Սեբաստացի» կրթօջախ, 8-րդ դասարան

Արագ հաղթահարելով վախի ծնունդ ատելությունը թարքի նկատմամբ, խաղաղ կարգավորելով Ադրբեջանի հետ մեր վեճը, շուտափույթ հաշտվելով ադրբեջանցու հետ, ազատվելով վրացու կեպարի ընկալման նախապաշարումներից, զուլալելով մեր պատմական հիշողությունը քաղաքակիրթ արժեքներով՝ լծվելու ենք մեզ այնքան սազող ստեղծագործական աշխատանքի՝ դրսեւորելով մեզ բնորոշ լավագույն գծերը՝ աշխատասիրություն, կենսունակություն, աստվածատուր շնորհք: Թե չէ՝ չարանալու ենք, արդար-ողբերգու ագգի կերպարով, մահապարտի կռիվ տալով մեր հարեւանների հետ՝ շարժելով աշխարհի գութը․ կկորչենք, կներեք, ճանճի պես, դատապարտված մաքառմանը…Կտրիճ Սարդարյանի հիշեցումը տեղին է՝ եթե չսթափվենք այսօր, դարը կփակենք այնպես, ինչպես սկսել ենք։ Ճիշտ ես, Կտրի՛ճ: Բայց ուզում եմ ճիշտ լինել եւ ես: Մենք հասել ենք այն սահմանին, որից կարող է սկսվել մեր նոր վերելքը:

«Ապագա ունենալու համար նախ ապրել է պետք» ժողովածու, 1992թ., «Շաղիկ»

Թողնել պատասխան

Կարծիք
Անուն*
Էլ․ հասցե*
Կայք*