Վալերի Միրզոյան. Բլեյանի հոդվածները, «Ուղերձը» լավ հայտնի չեն Բլեյանի ընդդիմախոսներին

«Ազգ» օրաթերթ, 24 նոյեմբերի, 1992թ.

Հասկանալ Բլեյանին

Այս օրերին հանրապետական մամուլի էջերում Աշոտ Բլեյանի հասցեին հայհոյանքի հեղեղի մեջ հատկանշական էր, ըստ իս, «Երկիր» թերթի նոյեմբերի 18-իհրապարակումը «Մոռանալ Բլեյանին» վերնագրով: Իհարկե, ոչ սույն թերթը, ոչ էլ մյուսները չմոռացան և դեռ երկար չեն մոռանա Բլեյանին, սակայն հակաբլեյանականները դժվար թե գտնեն ավելի պարզ ու հանճարեղ ելք:

Իսկապես, Բլեյանին մեղադրեցինք, դատապարտեցինք, ծաղրեցինք, սաստեցինք, մերժեցինք, անիծեցինք, բայց… Բայց պարզվեց, որ այս ամենը չի բավարարում, չի գոհացնում: Հոգեկան հիվանդ էլ հռչակեցինք, նույնիսկ մեզանից ոմանք լուրջ-լուրջ հոգեբույժի դեր ստանձնեցին և Ֆրոյդի նախանձը շարժող հոգեվերլուծության ենթարկեցին բլեյանիզմ կոչվող երևույթը…

Պարզվեց, որ քիչ է: Ինչ-որ բան պակաս է մնում: Եվ վերջապես գտնվել է ստույգ լուծումը՝ մոռանալ Բլեյանին: Ինչ խոսք, այն չէր կարող դյուրին ձեռք բերվել, պրպտող միտքը քիչ ճանապարհ չանցավ՝ պարզ զգուշացումից (տե՛ս «Զգուշացեք, բլեյանիզմ է» հոդվածը «Հանրապետական» թերթի հոկտեմբերի 15-ի համարում) մինչև ակամա խոստովանություն առայն, որ բլեյանիզմը «անանուն մի երևույթ է» («Երկիր», նոյեմբերի 17): Եվ վերջապես, «մոռանալու» գյուտը վերոհիշյալ հրապարակման մեջ (որն ի դեպ նույնպես համեմված է պատկառազդու հիշոցներով). «Եւ այսպես մտանք փակուղիՄեր և այլ ոչ մի դիտողություն լույս չսփռեց Բլեյան ֆենոմենի վրաՍովորականնորմալ ուղեղը պարզապես ի վիճակի չէ հասկանալ նրան առաջնորդող դրդապատճառները»:

Ամերիկյան խոշոր հոգեբան և սոցիոլոգ Էրիխ Ֆրոմը՝ Զիգմունդ Ֆրոյդի ամենալուրջ հետևորդներից մեկը, այս չհասկանալ-մոռանալ խոստովանություն մղումի մեջ երևի շատ բան կտեսներ, մասնավորապես յուրօրինակ «փախուստ ազատությունից»՝ տանջալից հարցերին ինքնուրույն պատասխանելու անհրաժեշտությունից:

Իրոք, չէ որ Բլեյանը մեզ հարցեր է տալիս, որոնցից մենք համառորեն խույս ենք տալիս: Բավարարվենք այն հայհոյանք բացատրություններով, թե Բլեյանը «պաչպռոշտիի է վազում ԲաքուՄի քանի բոքոն հացթե մի քանի լիտր բենզին» ճարելու (տե՛ս «Ուրբաթ», նոյեմբերի 20): Որն էր Բլեյանի նպատակը,  չլինի՞ այս միահամուռ հալածանքը իր ազգակիցների կողմից, այն էլ այնքան սաստիկ, որ կարծում եմ զուր է Զորի Բալայանը «Ավանգարդ»-ի (նոյեմբերի 19) անանուն թղթակցին հեռախոսով դժգոհություն-ափսոսանք հայտնել, թե «մեզ մոտ որքան գիտեմ չեն հալածելու Բլեյանին»: Ի՞նչ էր ուզում ասել մեզ Բլեյանը, և ինչո՞ւ ենք մենք նրա հարցերին պատասխանում մոռացության կոչով:

Չէի ուզի այն տպավորությունը ստացվեր, թե փորձում եմ պաշտպանել Բլեյանին: Նախ խնդիրը բնավ էլ Բլեյանը չէ, այլ, կրկնում եմ, նրա անպատասխան մնացող հարցերը: Երկրորդ, Բլեյանն ինքն իրեն գիտե հրաշալի պաշտպանել: Եվ նրա ամենազորեղ պաշտպանությունը դարձյալ ու դարձյալ նույն անպատասխան հարցերն են, որոնց հետևում անձամբ ես տեսնում եմ ոչ թե «պարտվողականություն», «անմաքուր առևտուր», «քաղաքական մուրացկանություն»,  դավաճանություն, պարտվածի հոգեբանություն (սրանք են Բլեյանի ընդդիմադիր-քննադատների բնութագրումները), այլազգի համար իրականան հանգստություն, իրական տագնապ, լուծումների իրական որոնում, քաղաքական գործչի իրական համարձակություն:

Իսկ չէ՞ որ Բլեյանը մեկեն չվերցրեց ու գնաց Բաքու: Քանիցս նա այդ հարցերը մեզ էր տալիս, թե մամուլի էջերում և թե խորհրդարանում: Ընթերցողի թույլտվությամբ միայն մեկը հիշեցնեմ. «Մեր ավանդական ու ավանգարդ կուսակցությունների հայտարարություններիցմամուլի ու հեռուստատեսության ծանոթանծանոթ համազգային գործիչների քաղաքական վերլուծություններից ու կանխատեսումներից ոչինչ չեմ հասկանում:  Ինչպես են տեսնում Արցախի ու արցախցու վաղըծրագրերը` ծրագրերիսկ դրանց իրագործումըինչպե՞սո՞վ» («Հայաստանի Հանրապետութիւն»,  հոկտեմբերի 2): Պարզ չի՞ ձևակերպված: Մոռանալու կոչը կարելի՞ է բավարար պատասխան համարել: Մինչև ե՞րբ: Մինչև որ կյանքի ընթացքը, մեր կամքից վեր իրադարձություններն իրե՞նք պատասխանեն մեր փոխարեն:

Ուրեմն մոռանա՞նք Բլեյանին և նրա ասածը, այն ճշմարտությունը, որ բոլորս էլ հասկանում ենք՝ մենք, երկու հարևան ազգեր, դարձել ենք երրորդ ուժի ձեռքին խաղալիք և միմյանց արնաքամ ենք անում անվերջանալի այս պատերազմով: Մոռանա՞նք Բլեյանին և ՀՀ ԳԽ ևս 30 պատգամավորի (այդ թվում՝  տողերիս հեղինակի) ստորագրած «Ուղերձը» (իհարկե, արժեր նախապես այն քննարկել. ստորագրողներն ավելի շատ կլինեին. համենայն դեպս, 26 «մոլորված» պատգամավորների տխուր փաստը նաև Բլեյանի մեղքով է), որտեղ ասվում է, թե եկեք դադարեցնենք կրակը և անմիջապես, առանց միջնորդների, առանց նախապայմանների նստենք բանակցության սեղանի շուրջը:

Լավ, մոռացանք Բլեյանին: Լռել է Բլեյանը ու քաշվել իր բանին, անշառ ու անփորձանք, խաղաղ ու հանգիստ իր համար ապրում է: Իսկ ո՞ւմ չմոռանանք, ի՞նչ են ասում Բլեյանին մերժող-դատապարտողները: Ասո՞ւմ են, թե երբ կհաղթեն անարգ ոսոխին, ինչքա՞ն է տևելու պատերազմը:

Ի՞նչ, դավաճանությո՞ւն է այդպիսի հարց տալը, պարտվողականությո՞ւն: Իսկ ո՞վ է դա ասում: Գերագույն խորհրդի այն պատգամավորնե՞րը, որ այդպես զայրալից ամբիոնից մեկ հայտարարում էին՝ Բլեյա՛ն, դու այլևս մեր գործընկերը չե՜ս (չլինի՞ իրենց զավակներին հանել են տաքուկ բուհերից և ուղիղ Լաչին ուղարկել):

Այո՛, մենք այս պատերազմում իրավունք չունենք տանուլ տալու. դա կլինի համազգային կործանում, անդառնալի բարոյալքում. «մեզ պարտվել չի կարելի»:

Ընթերցող, ի՞նչ եք կարծում, ումի՞ց մեջբերում արեցի, այդ ո՞ր «բազեն», ո՞ր սկզբունքային այրն է այս արդար խոսքերն ասում: Նույն ինքը՝ Աշոտ Բլեյանը. տե՛ս «Հայաստանի Հանրապետութիւն», հոկտեմբերի 2, 1992 թվական, զարմացա՞ծ եք: Չգիտե՞ք, դե դա արդեն իմ մեղքը չէ. Բլեյանը հո դասական չէ, որ ես անվերջ մեջբերում անեմ: Ինքներդ կարդացեք, մանավանդ եթե պատրաստվում եք մեղադրել:

Խորապես համոզված եմ, որ ո՛չ Բլեյանի հոդվածները, ո՛չ էլ «Ուղերձը» լավ հայտնի չեն Բլեյանի ընդդիմախոսներին. մոռանալը, կրկնում եմ, շատ ավելի զգայական վերաբերմունք է, քան խորհրդածության արգասիք-եզրակացություն:

Ի դեպ, Բլեյանի շուրջ այս ամբողջ աղմուկն ինձ մեկ այլ պատմություն հիշեցրեց, հատկապես երբ «Ազգ»-ում կարդացի Վարդգես Պետրոսյանի «Պարտվողի հետ ո՞վ է բանակցության նստում…» հոդվածը (ըստ իս, ամենակիրթ ու զուսպ հոդվածը բլեյանական շարքում, չնայած դարձյալ դատապարտող): Ահա ուրեմն, թող ընթերցողը հիշի մեծարգո գրողի «Կրակե շապիկը» գրքի նկատմամբ անբացատրելի թշնամական վերաբերմունքը մեր հասարակության գրեթե բոլոր խավերում: Իմ կարդացած օրինակը վերցրել էի զանգվածային գրադարանից, և գրքի վրա խզմզված արտահայտություններից ամենաանմեղը «դավաճանն» էր: Եվ ի՞նչ. անձամբ պարզեցի բազմաթիվ լսարաններում ու անդրդվելի մեղադրողների հետ զրույցներից, որ մարդիկ դատում ու դատապարտում էին առանց կարդալու, կամ էլ այն աստիճան կանխակալ էին հեղինակի նկատմամբ, որ իրոք չէին նկատում գրքի անուրանալի արժանիքները: Թող ների ինձ Վարդգես Պետրոսյանը, ես հրաշալի գիտակցում են, որ նա իմ՝ ընթերցողիս ուշացած գնահատականի կարիքը չունի. պարզապես իրավիճակն է նույնը, քանի որ մարդիկ են նույնը, և հոգեբանորեն միշտ էլ հեշտ է մոռանալ և դատապարտել (կամ՝ դատապարտել և մոռանալ), քան հասկանալ, հասկանալ անպայման ինքնուրույն:

Բլեյանին մեղադրում են, թե ինչո՞ւ է գնացել Բաքու, գնալուց հետո էլ ինչո՞ւ է այդպես հատ-հատ նկարագրում Ադրբեջանի մայրաքաղաքի գայթակղիչ կյանքը և հենց իրենց՝ ադրբեջանցիների բարեմասնությունները: Լավ, դա էլ դեռ ոչինչ, ինչո՞ւ է այդպես մանրամասն շարադրում ադրբեջանցի մտավորականների, մեղմ ասած, ոչ բարենպաստ կարծիքը հայ մտավորականների մասին:

Չգիտեմ: Բայց չեմ շտապում մեղադրել, փորձում եմ նախ հասկանալ: Իսկ գուցե դիտմա՞մբ է այդպես նկարագրել ու շարադրել, որ հատկապես այդպիսի աղմուկ բարձրանա, որ իր անձը հայհոյելուց հետո փորձենք նաև հասկանալ, քննարկել իր արած հարցադրումները:

Եթե Բլեյանին մեղադրում ենք «անթաքույց ցինիզմի» մեջ, ապա ավելի մեծ ցինիզմ չէ՞ մի քանի տող անց իսկապես մոռանալ Բլեյանին ու նաև սեփական գրածը և ակամայից խոստովանել, թե, գիտենք ինչ կա, «ակնհայտ է, որ վերջին հաշվով խաղաղությունն իսկապես այլընտրանք չունի, պատերամզը չի կարող հավերժ շարունակվել» («Գոլոս Արմենիի», նոյեմբերի 20):

Եթե մեղադրում ու դատապարտում ենք Բլեյանի «պացիֆիզմը» և նրան վերջնականապես հեղինակազրկելու համար ակնարկում, թե գործում է հօգուտ հայաստանյան իշխանությունների, ՀՀ նախագահի հովանավորությամբ և այլն, ապա ո՞ւր ենք ոտնահարում տարրական տրամաբանությունը և գրում (սկզբունքորեն՝ միանգամայն ճիշտ), որ պատերազմն իշխանությունների համար լավ միջոց է «կառավարելու իրենց անկարողությունը քողարկելու համար» («Երկիր», նոյեմբերի 13):

Ոմանք Բլեյանին մեղադրում են, թե Բաքու է գնացել ու այնտեղ… չի հոխորտացել: Լավ, իսկ դրանից ի՞նչ օգուտ է լինելու: Բանակցությունների դուռը բացվելո՞ւ էր, թե փակվելու: Հետաքրքիր է, այդ «ոմանք» ի՞նչ էին ասելու Բաքվում: Չլինի՞ պիտի հայտարարեն, թե իմացած եղեք, այ ապիկարներ, ձեզ շուտով թափելու ենք Կասպից ծովը, հետո էլ սրիկա թուրքերին կդառնանք: Չլինի՞ ահաբեկելու էին, թե ողջ աշխարհը մեր թիկունքին է, իսկ մեծն Ռոսիան էլ, հո լավ գիտենք, մեզ 10 անգամ ավելի զինտեխնիկա է թողել, քան՝ ձեզ: Իսկ գուցե այդ «ոմանք» մեջտեղ կբերեին ամենազորե՜ղ զենքը՝ մեր Գերագույն խորհրդի հուլիսի 8-ի որոշումը, որով մենք թույլ չենք տալիս ոչ մի երկրի դիպչելու Արցախի խաթրին: Լավ, այս ամենն ասելուց ի՞նչ օգուտ (չեմ չարախնդում, այլ այդ «ոմանց» հնարավոր վիճակն եմ բացատրում):

Բլեյանը ոչ հանցագործ է, ոչ էլ հերոս: Նրան պետք չէ ոչ մոլագար սարքել, ոչ էլ մարգարե ներկայացնել: Նա Բաքու է այցելել համենայն դեպս ոչ Ադրբեջանի մեջլիսում իրեն տեղ ապահովելու համար, այլ մեզ՝ իր ազգակիցներին շարադրելու արնաքամ անող պատերազմը արժանավայել (կրկնում եմ, արժանավայել) ավարտելու, Արցախի հայաթափությունը կանխելու, Հայաստան աշխարհը փրկելու և ապա զորացնելու իր ըմբռնումը: (Չեմ կասկածում, որ Բաքվում էլ է իրեն արժանապատիվ պահել, ինչպես որ արժանավայել է իրեն պահում մեր մեղադրանքների տարափի տակ): Իսկ մենք ինչպե՞ս վարվենք. իրոք մոռանա՞նք Բլեյանին, ձևացնենք, թե սա ջրհոր գցած այն քարն է, որ քառասուն խելոքները չեն կարող հանել… որովհետև չեն ուզո՞ւմ: Հեշտ է Բլեյանին մոռանալը, բայց երևի ավելի հեշտ է մոռանալու խորհուրդ տալը: Դժվար է Բլեյանին հասկանալը, բայց պետք է փորձել: Հիմա է պետք: Հետո այլևս կարիք էլ չի լինելու հասկանալ Բլեյանին: Ուշ է լինելու…

Իմ գործընկեր Բլեյանն իր հոդվածը սկսել է շատերին զայրացրած ադրբեջանական ասացվածքով: Ես ուզում եմ ավարտել հայկականով՝ «թուրքն ասում է՝ հայի հետին խելքը իմը լիներ»:

Վալերի Միրզոյան

Թողնել պատասխան

Կարծիք
Անուն*
Էլ․ հասցե*
Կայք*