Ցանկությունների ժամանակը, գործելու ժամանակը

19.05.1992 թ․
«Республика Армении»

Ըստ իր ոչ ամենաջերմեռանդ երկրպագուների գնահատականի՝ հանդուգն է, խորաթափանց, նպատակին հասնելու համար բոլոր միջոցներն օգտագործող, անվիճելի է՝ տաղանդավոր, բայց կախված իրադրությունից, նաեւ՝ խուսանավող: Ամերիկացիները, որոնց մենք սովորույթ ենք դարձրել տեղի-անտեղի վկայակոչել, հարգանքով կվերաբերվեին մարդկային այս հատկանիշներին, քանզի անհատական նախաձեռնության պաշտամունքն անքննելի է, ինչպես կրոնական դոգման՝ «ինքն իրեն արարող մարդ»:

Մենք՝ տոտալիտար համակարգի խստավարժությունն անցածներս, աշխատելով հատկապես այդ անհատական նախաձեռնողականությունը ճնշելու ուղղությամբ, երկար տարիներ շարունակ արժեքավորել ենք բոլորովին հակադիր արժանիքներ՝ ինտելիգենտ փափկամորթություն, մանկայնություն ու անգործնականություն: Միջակությունը դարձել էր չափանիշ եւ ինքնապաշտպանության փիլիսոփայության համբավ ձեռք բերել:

Արժե՞ արդյոք զարմանալ, որ առանց քրեական օրենսգրքի հետ հակամարտության, իրենք իրենց օգնող մարդիկ շատ ու շատ պակասեցին: Բայց եւ այնպես..․ Հիշում եմ՝ դեռ 4 տարի սրանից առաջ, ծանոթանալով Երեւանի թիվ 183, այժմ արդեն ՀՀ «Մխիթար Սեբաստացի» կրթական համալիրին, ինձ ապշեցրեց տնօրեն Աշոտ Բլեյանի ոչ «մերոնքականությունը», հաստատակամությունն ու կենսունակությունը: Այն ժամանակ նա հատկապես հաստատակամ ու կենսունակ թվաց մշտապես պետբյուջետային փշրանքներ մուրացող կրթական համակարգի ավանդական որբության ֆոնի վրա: Բնական է՝ նա ով կարողանում էր ավելի հյութեղ պատառ պոկել, արժանանում էր համընդհանուր անբարյացակամության: Նրան այսօր էլ կարող են չսիրել, վերագրել հարկի, անհարկի մեղադրանքներ ու նախատինքներ: Բայց փաստը մնում է փաստ, որ նրա հետ չեն վիճում նույնիսկ ամենամոլի հակառակորդները: Բանն այն է, որ ընդամենը մի քանի տարվա ընթացքում Բլեյանը կարողացավ քաղաքի ծայրամասային սովորական դպրոցը վերածել առանձնահատուկ, ինքնակառավարվող ուսումնական հաստատության, որը ներառում է բոլոր աստիճանները՝ մանկապարտեզից մինչեւ ավագ դպրոց, հագեցած տեխնիկայի վերջին խոսքով, որն իր մասնաճյուղերն ունի Աշտարակում, Եղեգնաձորում, ունի հեքիաթային ջերմոցային տնտեսություն, գիտահետազոտական լաբորատորիա, ուր մշակվում են դասագրքեր ու ուսումնական ծրագրեր եւ այլ բաներ, որոնց մասին անհարմար է գրել մեր այսօրվա դպրոցի համընդհանուր աղքատության պայմաններում: Բայց նա այդ արել է՝ չունենալով ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորի կարգավիճակ եւ փայփայված չլինելով իշխանության ներկայացուցիչների բարեկամությամբ:

Գերմարդ՝ մանկավարժության մե՞ջ: Դժվար թե: Կարեւորը սեփական սկզբունքների, միջոցների մշտական փնտրտուքն է: Եթե նրանք կան, կուլ կգնան չար լեզուները:

Ահա նրանց՝ սկզբունքների մասին է մեր հարցազրույցը տնօրեն, ՀՀ ԳԽ պատգամավոր, ՀՀՇ վարչության անդամ Աշոտ Բլեյանի հետ:

– Ասում են՝ դուք «վերմակի պոչը դեպի ձեզ եք քաշում»: Ձեզ եք վերցնում ամենաշատն ու լավը՝ դրանով իսկ խոչընդոտում մյուսներին, ովքեր նույնպես ցանկանում են կրթական համակարգում որեւէ փոփոխություն մտցնել:

– Գիտեք ինչ, ես չեմ անհանգստանում, երբ որեւէ մեկն ինձ չի սիրում: Ես ընդհանրապես այդ մասին չեմ մտածում: Չնայած պարզորոշ գիտակցում եմ այդ հետեւանքը ծնող պատճառները:

Ահա ասում են՝ Բլեյանն ունի ջերմոց, տպարան, ե՛ւ այս, ե՛ւ այն, բայց դրանք որպես բարի քեռու նվերներ չեն, որ կան: Ես եմ դրանք ստեղծել։ Իսկ սա, համաձայնե՛ք, այլ բան է: Երբ 1985 թ․ ես դիմեցի քաղխորհուրդ, թե խնդրում եմ դպրոցին հատկացնել 1 հեկտար քարքարոտ հողային տարածք, քաղխորհրդի նախկին նախագահը զարմացած հարցրեց․ «Ի՞նչ ես անելու այդ հողը»: Իսկ մենք այդտեղ 3 հազար քառ․մ․ տարածքով հրաշալի ջերմոց կառուցեցինք: Քարշ տվեցինք հումքն ու տնկիները, աշխատում էինք օր ու գիշեր: Ո՞վ կամ ի՞նչն էր խանգարում, ասենք, հարեւան դպրոցի տնօրենին: Պարզապես, նա չէր ուզում, իսկ ես ուզում էի: Նրան պետք չէր, ինձ պետք էր: Ահա թե որն է տարբերությունը:

– Շատ լավ, ջերմոցը, արհեստանոցները դուք ինքներդ կառուցեցիք, բայց, օրինակ, համակարգիչների համար դրամական միջոցներ դուք ինչ-որ տեղից վերցնում էիք, չէ՞:

– Դրա՞մ, միշտ էլ դրամի խնդիրն ամենադժվարն է: Դրամը, սովորաբար, գտնում, վերցնում, հայթայթում են: Մի խոսքով, անհրաժեշտ է կարգին չարչարվել եւ, միևնույն ժամանակ, ամենաքիչը լինել Աշոտ Բլեյան: Այո՛, ստեղծվել էր այնպիսի իրավիճակ, որ ինձ այդ դրամը տալիս էին, իսկ ուրիշի՝ ոչ, եւ ոչ նրա համար, որ ես ունեմ որոշակի կարգավիճակ, երեւի արժանացել եմ դրան: Չէ՞ որ իմ վերցրած միջոցները չեն դարձել ավելորդ ճոխություններ եւ շքեղ առանձնասենյակ, այլ վերածվում են այն ստեղծագործական միջավայրին, ուր ծնվում է նոր դպրոցն իր նոր բովանդակությամբ՝ դասագրքերով եւ ուսումնական ծրագրերով: Լավ, հանե՛նք իմ պատգամավորության մեկուկես տարին, չնայած հենց այդ ընթացքում մեզ մոտ ամենաքիչ նյութական ձեռքբերումներն են եղել: Մինչ այդ ես մի սովորական դպրոցի սովորական տնօրեն էի՝ մեկը հարյուրներից: Ես չունեի ազդեցիկ բարեկամներ եւ ամուր ձեռք «վերևներում»: Բայց ինձ հաջողվում էր իմ համակարգում գտնել համախոհներ, համոզել նրանց, ոգևորել իմ գաղափարով: Ուրեմն ինչո՞ւ ես պետք է մյուսների հետ նույն պայմաններում լինեմ, եթե ես ընդունակ եմ ավելիին, նշանակում է՝ ավելին էլ պիտի ստանամ: Ինձ ոչինչ չի տրվել, ամեն ինչ ես ինքս եմ վերցրել: Ասենք, ամբողջ քաղաքի համար կա երկու համակարգիչային դասարան: Ո՞ւմ պիտի տրվի: Նրան՝ ում պետք է: Եվ ես դրանք կստանամ, որովհետև ամեն ինչ կանեմ այն ձեռքբերելու համար: Ինձ պետք է համակարգչային հրատարակչական համակա՞րգ, կփորձեմ բոլոր ճանապարհները՝ նախագահ. Հ. Գալստյան, Վեհափառ Կաթողիկոս, Լուիզ-Սիմոն Մանուկյան, Գարեգին Սրբազան… մի դուռ կբացվի:

– Ինձ միշտ զարմացրել է, թե Ձեզ ինչպե՞ս հաջողվեց պահպանել դպրոցը 1988-89 թթ․: Հիշում եմ, այն ժամանակ երիտասարդ լրագրողիս նյութը, պարզապես, «կտրեցին», որովհետեւ այն այդ նույն դպրոցի մասին էր, որ համարվում էր «այլախոհների բույն»:Դուք այն ժամանակ էլ կարողանամ էիք իշխող կառույցների հետ լեզու գտնել։

– Մենք ուժեղ էինք եւ դիմացանք: Չնայած արդեն կային դպրոցը փակելու, ինձ կուսակցության շարքերից վտարելու որոշման նախագծեր: Հնարավոր է՝ օգնեց նաեւ այն, որ ռեպրեսիաները մշտական չէին, շարժման վերելքի դեպքում մեզ հանգիստ էին թողնում, երբ սկսում էր անկումը, ուժեղանում էին հետապնդումները:

– Լավ, Դուք կենսունակ, գործնական, նպատակասլաց մարդ եք, ընդունակ՝ կրթական համակարգում մեծ փոփոխություններ մտցնելու, ինչո՞ւ այն ժամանակ թողեցիք քաղխորհրդի գործադիր կոմիտեի փոխնախագահի պաշտոնը, դրա հետ մեկտեղ՝ դպրոցի բարեփոխման ծրագրերն ու պլանները:

– Ինձ արդեն բազմիցս վիճակվել է պատասխանել լրագրողների այդ հարցին: Եվ տարօրինակ է, որ այդ հարցին այդքան մեծ նշանակություն է տրվում: Ուրեմն այսպես, ես պրոՖեսիոնալ մանկավարժ եմ, սա իմ կրթական հաստատությունն է, իմ գործը, եւ ես այստեղ ինձ առավելագույնս օգտակար եւ լիարժեք եմ գգում: Ես համոզվեցի, որ կրթության պետական կառավարումը այնքան խարխլված, այնքան քարացած է ու այլափոխված, որ տեղաշարժ հնարավոր է ամբողջ համակարգը փոխելով միայն: Սա, ցավոք, շատ դանդաղ է ընթանում, որովհետեւ հարկ է փոխել ողջ կրթական համակարգն իր բովանդակությամբ: Ես սպասել չեմ կարող: Ես ունեմ հստակ ծրագիր, որը անավարտ մնաց իմ՝ դպրոցից հեռանալու պատճառով: Վերադարձս թելադրված էր գործս մինչեւ վերջ հասցնելու ցանկությամբ: Ի դեպ, պիտի ասեմ, որ վերջին կես տարվա ընթացքում ինձ հաջողվեց անել ավելին, քան նախորդ երկու տարիների ընթացքում: Մենք աշխատում ենք մի քանի տասնյակ ծրագրերի, դասագրքերի ստեղծման ուղղությամբ, որոնք հրատարակվում եւ հրատարակվելու են մեր կրթական համալիրի հրատարակչությունում:

Գլխավորը ես մեկընդմիշտ պարզեցի ինձ համար․ կրթության բարեփոխումը նոր բովանդակության ստեղծումն է, իսկ նոր բովանդակությունը նոր կրթական հայեցակարգն է, նոր արժեքների համակարգը, նոր ծրագրերն ու դասագրքերը, նոր մոտեցումները, որոնք կծնվեն հենց դպրոցում՝ նրա ստեղծագործական լաբորատորիայում: Տեսե՛ք, թե ինչ է ստացվում․ մեր կրթական հաստատությունը շատ ավելի պտղաբեր է, գործունյա եւ արդյունավետ, քան այնպիսի հզոր կառույցը, ինչպիսին լուսնախարարությունն է:

– Դուք ուսուցիչ եք եւ միաժամանակ քաղաքական գործիչ: Քաղաքականություն եւ բարոյականություն․ չկա՞ արդյոք սկզբունքային հակասություն այս երկու ձեւերի համատեղման մեջ:

– Դուք ուզում եք իմանալ, թե ես ավելի շատ քաղաքական գործի՞չ եմ, թե՞ ուսուցիչ: Ես շատ լավ կզգայի քաղաքական գործչի վիճակում, եթե ուսուցիչ չլինեի: Մեկը մյուսին, իհարկե, խանգարում է, բայց միայն ժամանակի իմաստով, որը միշտ չի հերիքում: Քաղաքականությունը նույնպես մասնագիտություն է, ինչպես մանկավարժությունը, եւ նրան պետք է տրվել ամբողջությամբ: Ինչ վերաբերում է հակասություններին, այդպիսիք չկան: Ի դեպ, անբարոյական կարող է լինել ոչ միայն քաղաքականությունը, այլեւ՝ մանկավարժությունը:

– Երեւի այդպես է: Պարզապես քաղաքականությունը ավելի շատ է ասպարեզում: Այդ դեպքում բարոյականության տեսանկյունից գնահատե՛ք Ձեր հրապարակավ արտահայտությունն այն մասին, որ Արցախի խնդրի լուծումը հնարավոր է միայն Ադրբեջանի կազմում: Շատերն այն գնահատում են որպես նահանջողականություն: Դա հատկապես աններելի է ՀՀՇ վարչության անդամի համար:

– Ես այդ ասել եմ հստակ եւ մտածված՝ իմ արտահայտությունը չհամարելով ավելի համարձակ, թե ես այլ կերպ եմ մտածում, քան ուրիշները: Մեզանից յուրաքանչյուրը պետք է ինքն իրեն հարց տա՝ ի՞նչ է նշանակում արցախյան խնդրի լուծում՝ Արցախի ազատ֊անկախ հանրապետությո՞ւն: Հրաշալի է: Բայց մտածել՝ այսօր ստեղծել այդպիսի ազատ-անկախ Արցախ պետություն առանց պատերազմի, միջազգային միջնորդությունների օժանդակությամբ, նշանակում է՝ մոռանալ մեր պատմության բոլոր դասերը: Ոչ ոք եւ երբեք տարածքային ոչ մի հարց չի լուծել առանց պատերազմի: Կարո՞ղ է արդյոք Հայաստանը պատերազմել առանց վառելանյութի, սննդամթերքի, խարխլված տնտեսությամբ: Նրա ստրատեգիական պահեստավորումը կհերիքի մեկ-երկու շաբաթ՝ ոչ ավելի: Մի խոսքով, պատերազմի մեջ ներքաշվելն այսօր մեզ համար վերջնական պարտության տանող արկածախնդրություն է: Ե՛վ խորհրդարանը, ե՛ւ նախագահը պարտավոր են վերջապես կողմորոշվել այս հարցում եւ այդ մասին պարզ եւ հստակ ասել ժողովրդին: Քանզի ցանկությունների ժամանակը սպառվել է: Անցած 4 տարիները բավարար էին հասկանալու համար, որ քաղաքականության մեջ ցանկանալը այնքան էլ անմեղ բան չէ: Հիմա ժամանակը չէ պատասխանատվության հսկայական բեռը ծանրացնելու միևնույն կազմակերպության մեկ-երկու անդամի ուսերին։ Եթե դա արվում է այդ մարդկանց պատժելու կամ փաստի առաջ կանգնեցնելու նպատակով, ապա հատուցելու ենք սարսափելի գնով: Նրանք իրականում կրում են պատասխանատվություն, այդ թվում՝ հավանաբար եւ ես, ու պիտի պատասխան տան՝ յուրաքանչյուրն իր չափով: Բայց այդ հետո: Կա այսօրվա խնդիր:

– Ձեր կարծիքը կիսո՞ւմ են ՀՀՇ վարչության մյուս անդամները:

– Ոչ բոլորը, բայց շատերն են հակված․այն սթափ հայացք է իրողությանը:

– Իսկ դա չի՞ նշանակում ՀՀՇ կազմակերպության քաղաքականության վախճան:

– Չեմ կարծում: Նախ եւ առաջ, ոչ թե շարժումն է Ղարաբաղի շարժառիթը, այլ Ղարաբաղը՝ շարժման: Իսկ եթե ուշադիր վերլուծենք շարժման զարգացման պատմությունը, ապա կհամոզվենք, որ դեռ 1988 թ-ից շարժումն իր գերխնդիրն էր դարձրել հայկական պետականության վերականգնումը: Եվ մեծ թվով մարդիկ սկսեցին գիտակցել, որ արցախյան հակամարտության խնդրի լուծումը, սկզբնական ձևակերպմամբ, հակասում է այդ գերխնդրին: Մեզ անհրաժեշտ են տնտեսության մեջ շոշափելի վերափոխումներ, ժողովրդական դժգոհություններն առանց այն էլ հասնում են իրենց գագաթնակետին, իսկ վերափոխումներ հնարավոր են, եթե միայն Արցախի հարցում հստակություն լինի: Իսկ առայժմ մեզանում իրարամերժ հարցադրումներն են՝ նետվում ենք մի ծայրահեղությունից մյուսը:

Հարցազրույցը՝ Գենոֆիա Մարտիրոսյանի

Թողնել պատասխան

Կարծիք
Անուն*
Էլ․ հասցե*
Կայք*