Հայաստանի Հանրապետության նախագահ տիար Լևոն Տեր-Պետրոսյանին ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ տիար Բաբկեն Արարքցյանին

Բաց նամակ
08.07.92թ.

Հարգելի տիարք, Ադրբեջանի Հանրապետության Լաչինի շրջանի Ղոչազ գյուղի մոտակայքում հուլիսի 29-ին և 30-ին երեսունից ավելի հայաստանցի անմեղ երիտասարդների ողբերգական մահը, Հայաստանի իշխանությունների և անձամբ Ձեր՝ հրապարակավ չարձագանքելն այդ ողբերգությանը, կատարված ողբերգության «ստվերային» ներկայացումը հանրապետության հասարակությանը, լայն հասարակության խուլ-խեղված վերաբերմունքը խաբված, բայց հերոսության պատրաստ երիտասարդների ճակատագրի հանդեպ, իմ անձնական պատասխանատվությունը կատարված ոճրի նկատմամբ պարտադրում են ինձ բարձրաձայն ձեզ ասել հետևյալը:

Ազգային ինքնորոշում միության, նրա նախագահ Պարույր Հայրիկյանի նախաձեռնությամբ և միջոցով արցախցի փախստականներով Ադրբեջանի Լաչինի շրջանի գյուղերի բռնի բնակեցման ծրագիրն ու ընթացքը ձեզ հայտնի էր: Սրան նախորդել էր Լաչինը հայաստանցի քրդերով բնակեցնելու և քրդական ինքնավարությունը վերականգնելու փորձը, որը ծրագրել և իրագործում էր հանրապետության նախագահի անվտանգության գծով գլխավոր խորհրդականի ապարատը: Սա, իհարկե, շատ ավելի գլոբալ Ադրբեջանի ամբողջականությունը ազգային փոքրամասնությունների ինքնավարություններով պայթեցնելու ծրագրի մի դրվագն էր: Լաչինի «քրդացումը» ձախողվեց: Եվ ահա, համոզված եմ, ոչ աոանց գլխավոր խորհրդականի ապարատի հուշման, գործի դրվեց Լաչինի «հայացման» ծրագիրը: Անբացատրելի է, բայց օրը ցերեկով, Հայաստանի իշխանությունների թողտվությամբ, ազատ օգտագործելով մամուլ ու պետական հեռուստատեսություն, ՀՀ խորհրդարանի անդամ Պարույր Հայրիկյանն իր կուսակից ընկերներով սկսեց մի գործ, որը մի անուն ունի քաղաքական արկածախնդրություն, որը ոչ միշտ է, այո, կործանարար (Հայաստանի պետությունը դեռ կա, չէ՞), բայց, որպես կանոն, կորստաբեր է: Ահա այսպես,Պարույրի ռոմանտիկ հանճարով Լաչինի շրջանի ժամանակավոր դատարկ ադրբեջանական գյուղերի վերածումը «հայոց ռազմականացված ավանների»՝ որպես ավանի բնակիչ հավաքագրելով անճար-վախեցած արցախցի փախստականին, իսկ որպես ռազմիկ՝ զինական կյանքին անփորձ-մաքուր, հերոսանալու պատրաստ ու հենց դրանով այնքա՜ն խոցելի հայաստանցի տասնյակ պատանիների ու երիտասարդների: Հայկական հեռուստաեթերի «աչքալուսանքը»՝ «ԱԻՄ-1», «ԱԻՄ-2», «ԱԻՄ-3» ռազմականացված ջոկատների ստեղծման մասին համազգային խանդավառություն չառաջացրեց, այո, բայց և չսթսափեցրեց մեգ. ազգային անփութությունը գերակշռեց քաղաքական իրատեսությանն ու լրջությանը… Առողջ հայացքը կտարբերեր օտարի բնակավայրը մեր անմեղ եղբայրների նոր գերեզմանոցներից…

Լաչինի Միրիկ և Միշնիկ գյուղերի մոտ «ռազմականացված բնակավայրերի» տասնյակ առաջին բնակիչների ողբերգական մահը թաքցվեց մեզանից: Քանի՞սն էին նրանք, ովքե՞ր, ի՞նչ տարիքի, ինչպե՞ս սպանվեցին, ինչո՞ւ… Ո՞ւր են պաշտոնական հաղորդագրությունն ու պետական ցավակցությունը: Հայրենիք-Արցախի պապենական գյուղի բնիկ գյուղացին բռնագաղթվելուց հետո ինչո՞ւ պիտի հանգրվաներ Լաչինի օտար-անծանոթ գյուղերում, ո՞ւմ վստահեր իր չարչարված կյանքի ապահովությունը: Պարտված չլիներ՝ չէր թողնի Արցախի հողը, զենքի ընդունակ լիներ «ղաչաղ» կդառնար ու կկռվեր իր գյուղի անտառներում, կզոհվեր իր իր հոդում ապրելու իրավունքի համար…

Ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները հրապարակավ քաղաքական գնահատական չտվեցին Միրիկ-Միշնիկի ողբերգությանը, պատասխանատվության չենթարկեցին ողբերգության մեղավորներին՝ կանխելով նոր, առավել սարսափելի ոճիրը: Ավելին՝ գլխավոր մեղավորը հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվեց Գորիսի պարետ՝ նախագահից լիազորություններ ստանալով, ուղիղն ասենք՝ Լաչինի բռնազավթումը Հայաստանի կողմից ավարտին հասցնելու: Իսկ Հայաստանի Խորհրդարանն այնքան պատասխանատվություն չունեցավ խոստովանելու, որ Գորիսում հատուկ դրություն մտցնելու մասին հանրապետության նախագահի հրամանագրի հաստատմանը, Լաչինի ավանտյուրան կասեցնելու նպատակով, պիտի նախորդեին քաղաքական քննարկումներ: Թվում էր, որ Հայոց Խորհրդարանի այս տարվա ամենամեծ ամոթը՝ Ղարաբաղի մասին հուլիսի 8-ի որոշումն անգամ, չէր խանգարում Խորհրդարանի կողմից այդ ավանտյուրայի կանխմանը:

Այս տարվա ապրիլին դուք, հարգելի նախագահներ, ՀՀՇ վարչությանն ապացուցում էիք, որ Լաչինի գրավումը քաղաքական ավանտյուրա է, որ դա թույլատրել չի կարելի, որ դուք դա թույլ չեք տա: Լաչինն «ընդունելուց» հետո հայտարարեցիք, որ դա խաղաղասիրական կամուրջ է, Լաչին-Գորիս ավտոճանապարհի վրա մեր ռազմական հսկողությունն է պետք ապահովել, որ ճանապարհը միշտ բանուկ լինի: Հետո չկասեցրիք Լաչինի բռնազավթումը սկզբում՝ «Կարմիր Քուրդիստսանի» վերականգնման տեսքով, հետո «հայոց ռազմականացված ավանների» ստեղծման ճանապարհով…

Ո՞վ է այսօր պատասխան տալու իմ անմեղ եղբայրների եղերական մահվան համար, ինչպե՞ս ենք մխիթարելու նրանց ծնողներին ու հարազատներին, ինքներս մեզ: Հերոսականացնելո՞ւ ենք հուլիսի 29-ին Լաչինի Ղոչազ գյուղի մոտակայքում կատարված ողբերգությունը՝ ներկայացնելով այն որպես հերոսամարտ հանուն հայրենյաց փրկության, գնալով մինչև Վարդանանց պատերազմ, մինչև «մահ իմացեալ՝ անմահութիւն»: Չի կարելի սա թույլ տալ, որպեսզի կանխվի հաջորդ անմեղ զոհը: Անկասկած է, որ երեսուներկուսն էլ ազնիվ էին իրենց մղումներում, հերոսանալու աստիճան հայրենասեր: Բայց… մեր թողտվությունը, Արցախի նկատմամբ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության անհստակությունը, հակասականությունն ու կիսատ-պռատությունը, մեր ներքին, ոչ մի կերպ չհաղթահարվող երկվությունը հնարավորություն տվեցին Պարույրին ու նրա փոքրաթիվ կուսակիցներին ոգևորելու-խաբելու նրանց: Ո՞ւր էին գնում տղաները: Իրականում իսկական ռազմաճակատ էին գնում, բայց միամիտ, անզեն ու անպատրաստ, «մահ՝ ոչ իմացեալ»: Իսկ Պարույր Հայրիկյանն իրեն բնորոշ հանցավոր ռոմանտիզմով ասուլիսում հայտարարում է. «Մենք գնում էինք ոչ թե կռվելու, այլ բնակեցնելու, կրթելու, ապրելու»: Փորձելու ենք չտեսնելո՞ւ տալ կատարված ողբերգության չափերն ու ահավորությունը՝ համոզված, որ կիսատ-պռատ, կցկտուր տեղեկատվությունն ամենաանվտանգն է ու համապատասխանում է մեր բարոյալքված-բզկտված հասարակությանը: Շատ թանկ ենք վճարելու:

Հուլիսի 29-30-ի ողբերգությունը մերկացրեց մեր այսօրվա կյանքի ամենածանր իրողությունը ամեն ոճիր հանդուրժելի է այլևս, քանզի մեզանում ոչինչ չարժե Աստծո պարգևը՝ մարդկային կյանքը: Քանզի Հայաստանի Հանրապետությունում ոչ դժբախտ պատահարի հետևանքով, այլ ողբերգականորեն, մեկ միջադեպում զոհվում են ու անհետանում երեսուներկու սքանչելի երիտասարդներ ինձանից սռավել՝ իմ եղբայրները, և հասարակությունը դրանից չի ցնցվում, չի շտկվում, խոստովանություններ չի անում ու անձնապես չի պատժում՝ կանխելու նոր ողբերգությունները: Մարդու մահը սարսափելի չէ, սարսափելի է, երբ կյանքն է մեռնում: Իսկ կյանքը մեռնում է, երբ հասարակությունը չի ցնցվում իր անդամների ողբերգությունից:

Հարգելի նախագահներ, հիշո՞ւմ եք՝ ինչպիսի թափով ու վճռականությամբ, ժողովուրդ-շարժումով, բոլոր միջոցներով Հայաստանի կառավարության որոշումներից, միութենական ու միջազգային դատարաններ դիմում-բողոքներից սկսած՝ մինչև անվերջ անալի նամակներ ու հոդվածներ, պահանջում էինք այլ պետություններից ու ժողովուրդներց, աշխարհից Սումգայիթի, Բաքվի,… ողբերգությունների գնահատականն ու մեղավորների արդարացի դատը: Հետո ի՞նչ եղավ: Ինչո՞ւ առ այսօր հասարակությանը լիարժեք ու հավաստի տեղեկացված չէ 1990 թվականի մայիսի 27-ի երկաթուղային կայարանի շենքում ու Նուբարաշենում կատարված ողբերգության մասին: Ինչո՞ւ մենք գոնե մեզ համար չտվեցինք 1991 թվականին Խոջալուի ազատագրմանը ուղեկցած մեր վայրագությունների գնահատականը: Ի՞նչ կատարվեց ընդամենը շաբաթներ առաջ Մարտակերտի շրջանում, ինչպե՞ս, ո՞ւր, քանի՞ հայ ազատամարտիկ միանգամից, մի միջադեպում սպանվեց ու անհետացավ…

Պատերազմ է, այո, և նրա կանխումը ոչ միայն ձեզանից, ոչ միայն Հայաստանից ու Ղարաբաղից է կախված, ոչ էլ անգամ Ադրբեջանից: Հայ ազատամարտիկն իր պարտքն է կատարում հայրենիքի հանդեպ չխնայելով իր կյանքը՝ անմահանում: Իմ խոսքը, իմ բողոքը անմեղ զոհերի, քաղաքական արկածախնդրությունների ու հասարակության բարոյալքման դեմ է: Իմ ու ձեր աչքի առաջ, իմ ու ձեր թողտվությամբ, դեռ չկայացած փլուզվում է քաղաքացիական հասարակությունը: Աոաջին, դուք պարտավոր եք անհապաղ հրապարակավ հասարակությանը տալ Լաչինում կատարված ողբերգության՝ «լաչինյան արկածախնդրության» մասին հավաստի ու լիարժեք տեղեկություն:

Երկրորդ՝ կատարվածի պետական-քաղաքական գնահատականը, բոլոր չարտահայտված, բայց գոյություն ունեցող հարցականների պարզաբանումը մեզ չարից պահպանման իրական երաշխիք է:

Երրորդ. անձնական պատասխանատվություն ու պատիժ պետք է կրեն ողբերգության կազմակերպիչ պատասխանատուները: Յուրաքանչյուրս, որքան էլ թանկ ու կարևոր թվա հայրենիքի համար, մեկ անձ է ընդամենը: Ողբերգականորեն զոհվել են տասնյակ անմեղ հայրենակիցներ:
Չեմ թաքցնում, ինձ համար ավելի ու ավելի անիմաստ է դաոնում ապրելը: Ի՞նչ է կյանքը, երբ կորցնում ես երազի ճամփան: Իմ հասուն տարիքի երազը խաղաղ-ստեղծարար աշխատանքով իր փոքրիկ, բայց նվիրական պետությունը շենացնող հայն էր՝ հաշտ իր հարևանի ու աշխարհի դաժան իրողությունների հետ: Դուք եք Հայաստանի պետության սահմանների անվտանգության ու Հայաստանի Հանրապետության քաղաքացու ապահովության երաշխավորը: Ուրեմն եղեք:

Հավատով՝ Ա. Բլեյան

Նամակը հրապարակված է 1992թ. «Ապագա ունենալու համար նախ ապրել է պետք» գրքում

Թողնել պատասխան

Կարծիք
Անուն*
Էլ․ հասցե*
Կայք*