16. 12. 1992 թ.
Այս տարվա դեկտեմբերի 10-ին Հայաստանի պաշտպանության նախարարության ուժերը, նախօրոք մշակած պլանի համաձայն, մինչև 8-9 կմ խորացել են Ադրբեջանի Զանգելանի շրջանի տարածքում, գրավելով շրջանի Կապանին սահմանակից տասնյակի չափ ադրբեջանական գյուղեր ու բարձունքներ: Կասեցնելու համար հայկական զինուժի առաջխաղացումը կամ օգտվելով ներկայացած առիթից Ադրբեջանի ռազմական ուժերը դեկտեմբերի 10-ից 13-ը աննախադեպ ուժգնությամբ հակահարված են հասցրել Կապան ու Գորիս քաղաքների ուղղությամբ: Հակառակորդն օգտագործել է օդուժ: Քառասունից ավելի միայն խաղաղ բնակիչ է զոհվել, վիրավորների թիվն անցնում է հարյուրից: Կան զգալի ավերածություններ: Տասնյակ հազարավոր կապանցիներ ու գորիսցիներ մեկ օրում դարձել են փախստական ստիպված լինելով անկազմակերպ թողնել բնակավայրերը: Հազարավոր մարդիկ պատսպարվել են կենցաղային տարրական հարմարություններից զուրկ կացարաններում: Օդային գնդակոծության են ենթարկվել նաև Կրասնոսելսկի ու Սևանի շրջանները: Կապան ու Գորիս քաղաքների բնակիչներն անտեղյակ են եղել Զանգելանի ռազմական գործողությունների ու դրանց հնարավոր հետևանքների մասին: Անտեղյակ են եղել նաև Գորիսի քաղաքային և շրջանային ղեկավարները: Այդ գոտու ժողովուրդն անպաշտպան ու խաղաղ, հանկարծակիի եկած օդային ուժգին հարվածներից, հանձնվել է ճակատագրի տնօրինմանը: Չունենալով էվակուացիայի կամ քաղաքացիական պաշտպանության համար նվազագույնը (սկսած հեղուկ վառելիքից վերջացրած հակահրդեհային միջոցներով) Գորիս ու Կապան քաղաքների բնակիչները հայտնվել են բացառիկ անպաշտպանության պայմաններում: Միայն մեկ թիվ. Կապանի քաղխորհուրդը դեկտեմբերի 13-ին և Գորիսի քաղխորհուրդը դեկտեմբերի 12-ին իրենց տրամադրության տակ ոչ մի լիտր բենզին չեն ունեցել: «Երկրաշարժը» Կապանում առաջացրել էր ուժեղ, երկրաշարժին բնորոշ խառնաշփոթ: Իսկ Հայաստանի իշխանություններն այս անգամ էլ հարմար չգտան ընդունված կարգով գոնե ցավակցել ողբերգության զոհերին… Դատապարտելով Ադրբեջանի զինուժի անմարդկային գործողությունները խաղաղ քաղաքների բնակիչների նկատմամբ, սգալով մեր հայրենակիցների ողբերգական մահը, ցավակցելով այդ բարբարոսության բոլոր անմեղ զոհերի հարազատներին ու կոչ անելով հանրապետության կառավարությանն ու բարի կամքի տեր մարդկանց շուտափույթ օգնության ձեռք մեկնել հատկապես մեծ աջակցության կարոտ Կապանին ու կապանցուն ես իմ քաղաքացիական ու պատգամավորական պարտքի գիտակցմամբ հայտարարում եմ: Հայ-ադրբեջանական սաստկացող ռազմական առճակատման պայմաններում, հերթական ռազմական արկածախնդրության արդյունքում Հայաստանը, չունենալով քիչ թե շատ հակաօդային պաշտպանություն, փաստացի հանձնված էր Ադրբեջանի օդուժի ողորմությանը: Օդուժի հարվածը կարողէր ավելի մեծ լինել, կարող էր ռմբակոծվել Հայաստանի ցանկացած բնակավայր, այդ թվում Երևանը: Ադրբեջանին սահմանակից հայկական բնակավայրերի ռմբակոծումներն այնքան սովորական են դարձել, որ Հայաստանի իշխանություններն ու երևանցիները հաշտվել են Հայաստանի պետության սահմանների անպաշտպանվածության իրողության հետ: Սովորական է ընկալվում անսովորը խաղաղ շինականի մահը, ու հանդուրժվում անթույլատրելին տասնյակ տարիների չարչարանքով ստեղծածի ավիրումը: Իշխանությունները անվրդով են պատերազմ է, իսկ երևանցիները պատերազմի ամենօրյա չարիքներին հետևում են այնպես, կարծես դա վերաբերում է Հարավսլավիային կամ Սոմալիին: Սահմանային գոտին արդեն չի դիտվում որպես մեր ժողովրդի բնակավայր, այլ Հայաստանի պետության «միջուկի» պաշտպանիչ օղակ: Հայաստանի նորաստեղծ պետությունը իր գլխավոր պարտքը չի կատարում սահմանամերձ բնակավայրերի հարյուր հազարավոր քաղաքացիների հանդեպ, նրանց կյանքն ու կայքը խրոնիկ անպաշտպան են: Եթե Հայաստանի իշխանություններն անկարող են տևական խաղաղություն հաստատել Ադրբեջանին սահմանամերձ շրջաններում, եթե պատերազմն անխուսափելի է, պիտի գործել պատերազմի կանոններով ու անջատել թիկունքը ռազմաճակատից: Սահմանամերձ շրջանների մեր հայրենակիցներին պարտավոր ենք տեղափոխել թիկունք, կյանքի համար ապահով վայրեր: Անհնա՞ր է նման լայնածավալ էվակուացիան: Հանրապետության իշխանությունները պիտի վճռական ու անդավաճան բռնեն հարևան պետության հետ հակամարտության խաղաղ կարգավորման ուղին: Այլ ելք չկա: Հարկադրված ենք օր առաջ վերագտնել մեր հարևանի հետ խաղաղ գոյակցման կերպը: Ինչպե՞ս որակել դեկտեմբերի տասի Կապանը շոշափող Զանգելանի «լեզվակի» մաքրմանն ուղղված ռազմական լայնածավալ գործողությունները, եթե ոչ որպես հերթական քաղաքական արկածախնդրություն ու պետական ռազմատենչության նոր դրսևորում հարյուր հազարավոր անպաշտպան քաղաքացիների սահմանամերձ գոտու մեր հայրենակիցներին, պատանդի կարգավիճակով մշտապես հանձնած Ադրբեջանին: Հանրապետության նախագահին կից գործող Ազգային անվտանգության խորհրդում քննարկվե՞լ է Ադրբեջանի Զանգելանի շրջանի դեմ ուղղված մեծածավալ ռազմական գործողությունների անհրաժեշտության ու դրանց հնարավոր հետևանքների հարցը: Տեղեկացվա՞ծ էին այդ մասին ՀՀ ԳԽ նախագահությունն ու կառավարությունը: Չգիտե՞ր հանրապետության նախագահը ծրագրվող գործողության անցկացման մասին: Ինչպե՞ս է նա Հայաստանի զինված ուժերի գլխավոր հրամանատարը, հսկում իր զինված ուժերի գործողությունները: Ղարաբաղի խնդրի քաղաքական կարգավորման հերթական անգամ բաց թողնված հնարավորություններից հետո ի՞նչ արժեք ունեն հանրապետության նախագահի կոծկող-արդարացնող հայտարարությունները: Այս անգամ, ահա, այս տեսքով.«Հերթական անգամ կանխամտածված կերպով ստեղծվում է պարադոքսալ իրավիճակ, երբ հարաբերությունները կարգավորելու երկու պետությունների ղեկավարության քաղաքական կամքին հասցվում է ծանր հարված»: Ո՞վ է այդ ոչ մի կերպ չբռնվող աներևույթ թշնամին… Կարո՞ղ էր Ադրբեջանը պատերազմ հայտարարել Հայաստանին վկայակոչելով Հայաստանի զինուժի կողմից իր տարածքների զավթման հերթական փաստը: Ինչպե՞ս ենք մենք երաշխավորված Հայաստանի զինուժի նոր կամայականությունից: Այսպիսի ռազմական գործողություններով ինչպիսի՞ վնաս կրեց հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքը: Քանի՞ արդեն պատրաստ ու մշակվող ծրագիր ու համաձայնագիր ձախողվեց: Ո՞վ է վերջապես անձնական պատասխանատվություն կրելու այսպիսի գործողությունների արդյունք անմեղ զոհերի ու ավերածությունների համար: Ե՞րբ: Չէ՞ որ հայ-ադրբեջանական սահմանների ուղղման գոյություն ունեցող քաղաքականությունը, որը Հայաստանի սահմանային շրջանների ապահովության անհուսալի միջոց է, առաջին անգամ չէ, որ կիրառվում է իր ողբերգական հետևանքներով: Ցայտուն վկան 1992 թ. Իջևանի շրջանի Ազատամուտ գյուղի բարձունքների գրավման գործողությունը: Մի՞թե ակնհայտ չէ, որ սահմանների «ուղղման» մեզ անշառ թվացող քաղաքականությունն իրական ու իսկական ագրեսիա է հարևան անկախ պետության նկատմամբ խորացնելով-խճճելով-անլուծելի դարձնելով հայ-ադրբեջանական հակամարտությունը: Այս տարվա հուլիսի 8-ի բաց նամակում՝ ուղղած Հայաստանի ու Հայաստանի խորհրդարանի նախագահներին, ես մեր պետության ղեկավարների ուշադրությունը փորձեցի հրավիրել Ադրբեջանի Լաչինի շրջանի «հայացման» արկածախնդրության Ղոչազ գյուղի մոտ զոհված 30-ից ավելի հայ անմեղ երիտասարդների ողբերգության վրա՝շեշտելով. «Հայաստանի իշխանությունների և անձամբ Ձեր այդ ողբերգությանը, հանրապետության հասարակայնությանը հրապարակավ չարձագանքելը, կատարված ողբերգության «ստվերային» ներկայացումը, լայն հասարակության խուլ-խեղդված վերաբերմունքը ողբերգության հանդեպ՝ մերկացրին մեր այսօրվա կյանքի ամենածանր իրողությունը՝ ամեն ոճիր հանդուրժելի է այլեւս, քանզի մեզանում ոչինչ չարժե Աստծո պարգևը՝ կյանքը: Քանզի Հայաստանի Հանրապետությունում ոչ թե դժբախտ պատահարի հետևանքով, այլ ողբերգականորեն, մեկ միջադեպում զոհվում են 30-ից ավելի երիտասարդներ, ինձանից առավել իմ եղբայրները, և հասարակությունը դրանից չի ցնցվում, չի շտկվում, խոստո-վանություններ չի անում ու մեղավորներին անձնապես չի պատժում կանխելու նոր ողբերգությունները»: Այս անգամ ամեն ինչ դաժանորեն ու մեծ ծավալների մեջ կրկնվեց, իսկ իշխանություն-մամուլ-մտավորական չտեսնելու տվեցին, կամ Զանգելանի դեպքերը ներկայացրին չոր տեղեկատվության տեսքով, կամ՝ ողջը բարդեցին հավերժ ագրեսոր-հարևանի վրա: «Լրատվական բլոկադան» ճեղքելու իմ բոլոր ջանքերն այս անգամ էլ նախորդի նման ապարդյուն անցան: Պաշտոնական ու ոչ պաշտոնական մամուլի մեծաքանակ լրագրողների աջակցությամբ, հարյուր հազարավոր մտավորականների թողտվությամբ դեռ չկայացած փլուզվում է քաղաքացիական հասարակությունը: Խորհրդարանն անգամ փակ նիստում չուզեց լսել իրողությունը, իսկ հրատապ հարցից օգտվելու իմ կանոնադրական իրավունքը հանցավոր վարպետությամբ խաղարկվեց խորհրդարանի նախագահի ու տեղակալների կողմից: Իսկ այս տարվա դեկտեմբերի 3-ին հայ երիտասարդների համար գերեզմանոց դարձած «Լաչինի խաղաղասիրական միջանցքում» կատարված նոր ողբերգության մասին հասարակությանն ո՞վ կասի ճշմարտությունը, որտե՞ղ կկարդաս: Հանրապետության նախագահին ուղղված այս տարվա նոյեմբերի 30-ի բաց նամակում ես ստիպված էի նրա ուշադրությունը հրավիրել մամուլով ու հեռուստաեթերով քարոզվող ռազմատենչության մոլուցքի վրա, որը սպառնում է վերջնականապես խլացնել-խեղդել հասարակության հետ սթափ-պատասխանատու խոսակցությունը հասարակության համար բախտախնդիր նշանակության խնդիրներ քննարկելիս: Այսօր ես չեմ դիմի ո՛չ հանրապետության նախագահին, ո՛չ խորհրդարանին, որովհետև գործ ունենք հանրապետությունում թափ առնող պետական ռազմատենչության հետ: Ես ահազանգում եմ միայն հասարակությանը՝ ակնկալելով նրա աջակցությունը, քանզի պաշտոնական ու ոչ պաշտոնական մամուլ ու հեռուստաեթեր, մտավորական ու տեղական իշխանություն դարձել են միջոց հանրապետությունում չթուլացող ռազմատենչության համար, հլու-հնազանդ ծառայելով նրան: Իշխանություն ու քաղաքական ընդդիմություն, բացահայտ շահարկելով Արցախի խնդիրը, մշտապես վառ պահելով ադրբեջանական «ագրեսիայի ու ագրեսորի» նկատմամբ ատելությունն ու հասարակական գիտակցության մեջ ներարկելով Հայաստանի ժողովրդի ու Արցախի անպաշտպանվածության փաստն իր «ելուզակ հարևանից», խարխլում են հայոց դեռ չկայացած պետականության հիմքերը: Հայաստանի վերին իշխանությունները շարունակում են գործել որպես ղարաբաղյան շարժման ու Հայ Դատի գրասենյակներ: Հայաստանի կառավարությունը վերածված է հանրապետության ռազմաճակատի անդամալույծ թիկունքի նվազագույն ու չերաշխավորված կենսաապահովման դիսպետչերական ծառայության: Իշխանություն ու ժողովուրդ փոխել են դերերը. կառավարությունն իր գլխավոր գործն է դարձրել ժողովրդի համար «չեղածից» հանապազօրյա հացի հայթայթումը, մոռանալով իր գլխավոր անելիքը՝ քաղաքացու անձի ու ունեցվածքի անձեռնմխելիության ապահովումը և ստեղծարար աշխատանքի համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը: Իսկ ժողովուրդը ստիպված է պետության փոխարեն ինքը հոգալ իր անձի և ունեցվածքի ապահովության մասին՝ զրկված լինելով ստեղծագործ աշխատանքով պետություն շենացնելու հնարավորությունից: Հայաստանի Հանրապետության նախագահն ու ՀՀ խորհրդարանի նախագահը, ղարաբաղյան շարժման անցյալի բեռով ու խոստումներով ճզմված, անդամալուծել են հանրապետության գործադիր ու օրենսդիր իշխանություն՝ վերջնականապես փակելով հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման ու Հայաստանը ստեղծված կացությունից դուրս բերելու «նվազագույն կորստի ու առավելագույն ձեռքբերման» ուղին: Հանրապետության իշխանությունների այսօրվա քաղաքական ընդդիմության հիմնական մասը մի նպատակ ունի՝ շահարկելով Ղարաբաղի խնդիրը, հայ-ադրբեջանական զինական առճակատումը մշտապես բորբոքելով, հանրապետության չաշխատող տնտեսության վերջին միջոցները ծառայեցնելով ռազմական կարիքներին, բնակչության սոցիալական բողոքի խոսափողի դերն ստանձնելով՝ պատրաստ լինել հարմար պահին՝ ընկած իշխանությունը առաջինը վերցնելու: Հանրապետությունում անհեռանկար կանգնեցված կյանքը, արհամարհանքը ապրելու և ստեղծելու բնական ձգտման նկատմամբ, ստիպում են ընդունակին ու ըմբոստին գաղթել հանրապետությունից: Ավելորդության զգացումը օր-օրի թակում է նորանոր ընտանիքների դռները: Իր տեսածից, գլխովն անցածից ու անսանձ թշվառությունից հիպնոսացած կամ քնած է ժողովուրդը: Ի՞նչ անել: Օրը ցերեկով բոլորիս մասնակցությամբ ողբերգականորեն զոհվում է լեզվի կրողը, երբ լեզուն, որպես մշակույթ ստեղծող բնիկն իր պետության ներսում դառնում է գաղթական՝ վերջնականապես կորցնելով պետական պաշտպանվածության զգացումը: Իսկ հայոց խորհրդարանը մեծագույն լրջությամբ քննում է արխիվների ու լեզվի մասին օրենքը: Մեզ պիտի մխիթարենք որպես ազգ արխիվներում մնալո՞վ, իսկ լեզուն պիտի հարատևի, երևի, կրողից դուրս, օրենքի ձևո՞վ… Ի՞նչ կապ ունենք Հայաստանի այսօրվա իշխանություններս հայ ժողովրդի ու հայոց պատմության այսօրվա խնդիրների հետ: Մենք Արցախի հողը դատարկող ու պետություն թշվառացնող պատերազմը բորբոքող, հայ մարդու կյանքին ու նրա աստվածային բնույթին թշնամի իշխանություններ ենք: Հանճարեղ էր պետք լինել 3-4 տարում շեն հանրապետությունը «ողբի ու որբի երկրի» վերածելու համար: Ոչ մի օտար ու թշնամի դա անել չէր կարող: Առանց մեր կատարածի ահավորության գիտակցման՝շարունակելու ենք իրար վրա գցել եղածի մեղքը կամ ապացուցել արդեն կատարվածի անխուսափելիությունը: Ամենաթարմ ու վառ ապացույց-վկան՝Զանգեզուրի վերջին բոթը… Իսկ Հայաստանի իշխանությունները հանրապետության նախագահ ու կառավարություն, հրավիրվել են հանրապետության Գերագույն Խորհրդարան: Եվ ի՞նչ՝ նույն կռիվն իշխանության համար, նույն շահարկումը՝ այս անգամ էլ նոր Սահմանադրություն և պառլամենտական հանրապետություն ունենալու, Գերագույն Խորհրդի ու հանրապետության նախագահի նոր ընտրությունների շուտափույթ անցկացման անհրաժեշտությամբ, մարդկանց սոցիալական պաշտպանվածության կեղծ անհանգստու-թյամբ… Ինչպե՞ս ենք այդ մասին խոսում… Այս ամենին նայում եմ այսօրվա ղափանցու և գորիսցու, կարմիրցու և վարդենիսցու աչքերով, արցախցու, իջևանցու, տաշիրցու, երասխցու անհանգստությամբ, ովքեր սարսափով են նայում երկնքին, ու որոնց միակ հույսը Երևանն է՝ ականջն ուղղված Երևանից եկող լուրերը, ոչինչ չունեմ նրանց ու ինձ մխիթարելու, որովհետև այս պատերազմն անարգել մտնում է յուրաքանչյուրիս տունը: Պատերազմի մարդկային տարրական անպաշտպանվածության հրդեհը լափում է Հայաստան պետությունն ու Արցախ Աշխարհը: Ո՞րն է ելքը: ժամանակն է, որ հասարակության յուրաքանչյուր անդամ գործի իր անձնական պատասխանատվության գիտակցման չափով՝ իր համեստ, բայց անհրաժեշտ մասնակցությունը բերելով հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման գործին: Անձնական նախաձեռնությունների ժամանակն է: ժոդովուրդ-հասարակություն և՛ Հայաստանում, և՛ Արցախում վերջապես պիտի լսելի բարձրացնեն իրենց ձայնն ընդդեմ պատերազմի: Այս հինգ տարվա մաքառումը կասկած չթողեց՝ ճիշտը ժողովրդի իմացածն է, ապրածն ու փոխանցածը: Իր հարևանի հետ խաղաղ-հաշտ ապրելու տասնյակ տարիների իր կենսաձևը ժողովուրդն ինքը պիտի վերահաստատի: Ինչո՞ւ չի կարող ժողովուրդն իր իմացած ելքն ու իր կամքը պարտադրել շրջանային-քաղաքային ու հանրապետական իշխանություններին: Հատկապես վճռական ու անհողդողդ պիտի գործեն սահմանամերձ շրջանների, ավանների, գյուղերի ու քաղաքների բնակիչները: Բոլոր իշխանավորներս սովորույթ ենք դարձրել ժողովրդի անունից խոսել՝ վկայակոչելով ժողովրդի շահը: Խորհրդարանի պատգամավորներս երկար ժամանակ խուսափում ենք մեր ընտրողների հետ հանդիպելուց, փակվելով խորհրդարանում ու տրվելով հողից կտրված անպտուղ զրույցների ու վեճերի: Գնանք դեպի ժողովուրդը: Որքան էլ մեղավոր, որքան էլ մոլորված մեր փրկությունը ժողովրդի հետ շիտակ-խիզախ խոսքն է: Ընտրողները պիտի պարտադրեն մեզ այս հանդիպումները՝ հնարավորություն տալով յուրաքանչյուր պատգամավորի ու իշխանավորի հստակ շարադրելու Ղարաբաղի խնդրի լուծման, հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ու Հայաստանի այսօրվա կացության բարեփոխման սեփական ուղին՝ ստանալով ընտրողների քվեն: Առանց այս հարցերի շուրջ անձնական տեսակետի հստակեցման ոչ մի ներկայացուցչական մարմին այսօր իրավունք չունի շարունակել գործել, լինի թե՛ Գերագույն Խորհուրդ ու պատգամավոր, թե՛ շրջխորհուրդ-քաղխորհուրդ ու նրա պատգամավոր: Առանց ժողովրդին հասականալի-ընդունելի ծրագրի՝ այսօր իրավունք չունի իշխել-կառավարել ո՛չ հանրապետության նախագահը, ո՛չ կառավարության անդամը, ո՛չ շրջխորհուրդ-քաղխորհրդի գործադիր կոմիտեի նախագահը: Եթե մեր ընտրողների խոսափողն ենք խորհրդարանում, պիտի ամբողջական ներկայացնենք մեր ընտրողների իրական տեսակետն այնպիսի ճակատագրական հարցում, ինչպիսին մեր հարևանի հետ սաստկացող պատերազմն է: Չի՞ ընդունում ընտրող հասարակությունն այսօրվա իշխանությունների տեսակետը՝ պիտի գան նոր իշխանություններ: Ռադիո-հեռուստաեթեր, մամուլ և վերլուծական կենտրոններ պիտի վերջապես կարևորեն ժողովրդի իրական վերաբերմունքը իշխանությունների ու առանձին քաղաքական կազմակերպությունների՝ Ղարաբաղի խնդրի կարգավորման ուղիների նկատմամբ: Ո՞ւր են Ղարաբաղի խնդրի կարգավորումը լուսաբանող ամենատարբեր սոցիոլոգիական հարցումների արդյունքները, ո՞ւր է սոցիալական տարբեր խմբերի տեսակետների դինամիկան: Հստակ պատկերացնո՞ւմ է Հայաստանի և Արցախի ժողովուրդը իշխանությունների ու կուսակցությունների՝ Ղարաբաղի խնդրի կարգավորման այսօր գոյություն ունեցող ծրագրերը. որ ծրագիրն է մերժում ու որը՝ ողջունում: Ո՞րն է վերջապես հայ-ադրբեջանական հակամարտության ու Ղարաբաղի խնդրի կարգավորման Հայաստան պետության որդեգրած տեսանելի ուղին՝ վերածված վերջնական ու ամբողջական գործողությունների, ապացուցելի և ընդունելի Արցախի և Հայաստանի ժողովրդի համար, այնպես, որ իշխանության կամայական մարմին, ամեն մի քաղաքական գործիչ ու հասարակության յուրաքանչյուր անդամ իմանա իր անելիքն ու գործնականում մասնակցի պետական ծրագրի իրականացմանը: Թե չէ՝ ստացվում է, որ մի քանի հարյուր մարդ, կազմելով կուսակցություն և ունենալով թերթ, մասնագիտանում է ժողովուրդ ներկայացնելու գործում ու անիրականանալի, ցնորամիտ կարգախոսներով խախտում լինելիք պետականության հիմքերը: Թե իսկապես կայացած պետություն լինեինք, հիմա իշխանության բոլոր մակարդակներով զբաղված կլինեինք Զանգելանի իրադարձությունների անաչառ գնահատմամբ: Եթե պետության զարգացման կանոններով գործեինք, հրապարակավ հրաժարական պիտի տային Հայաստանի վարչապետը, պաշտպանության նախարարն ու այդ գործողությունները ղեկավարող գեներալը, հանրապետության ԳԽ նախագահության ողջ կազմը, հանրապետության գլխավոր դատախազն ու հանրապետության նախագահի ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդականը: Այսօր Ադրբեջանի հետ պատերազմի սանձման մի հնարավորություն կա՝ Արցախի ու Հայաստանի ժողովրդի ակտիվացում՝ մինչև իշխանություններին գործողություններ պարտադրելու աստիճանը: ժողովուրդը պիտի արթնանա, կենդանանա, արգելի իշխանավորին իրեն դուր գալը ու խրախուսի քաղաքական գործչին՝ վաղուց հասունացած վճռական ու հաստատ քայլեր կատարելու: Հայրենի հողի ու հողի տիրոջ կորստի համար չկա անձնական պատասխանատվություն: Պատասխանատուն մեր ամբողջ սերունդն է՝ յուրաքանչյուրս իր չափով: Գործենք վերջապես յուրաքանչյուրս պատասխանատվության այս չափով:
Լուսանկարը՝ Լիլիթ Բլեյանի ՖԲ էջից