Զրույց Factor TV-ում։
– Պարո՛ն Բլեյան, ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման՝ հայաստանցիների 62%-ն անվտանգության ոլորտում առաջացած հարցերի լուծումը համարում է առաջնահերթ՝ իրադրությունը խիստ մտահոգիչ գնահատելով։ Բանակի զինումից բացի` արտաքին վտանգի նվազեցման միջոցներից է նաև խաղաղության հաստատումը հարևան պետությունների հետ։ Ըստ Ձեզ՝ դա այսօր անհնար գաղափար չէ՞, հատկապես, երբ Ադրբեջանը շարունակում է թշնամական քաղաքականությունը Հայաստանի և Արցախի նկատմամբ՝ կրակոցներ կան սահմաններին և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, հրդեհներ են հրահրում, ի վերջո, գերիները չեն վերադարձվում․ այստեղ դիսկուրսը չի՞ փակվում։
-Ես չեմ կարծում, թե այդ նույն 62 տոկոսը՝ ցանկացած մարդ, որ Հայաստանում է ապրում, օրինակ՝ ես, և մտածում է, որ ինքը, օրինակ՝ ես, և իր թոռները, իր կրթահամալիրի սաները, շարունակելու է ապրել Հայաստանում, առավել ևս՝ այդտեղ հեռանկար է տեսնում։ Սա մենք պետք է ընդգծենք՝ մենք ուրիշ տեղ չունենք գնալու։ Համակեցությունը թուրքերի և ադրբեջանցիների հետ, որոնց հետ մենք խնդիրներ ենք ունեցել, ի՞նչ քննարկելու բան է, դա իրացնելու և հաստատելու բան է, առանց դրա ի՞նչ անվտանգություն։ Իմ հոդվածներից մեկի վերնագիրը Արփիար Արփիարյանից եմ վերցրել՝ վտանգներով լի հողը չի կարող հայրենիք լինել հայի համար, այսինքն՝ եթե մեր տարածաշրջանը, մեր երկիր Հայաստանը՝ Արցախով, չկարողանա դառնալ անվտանգ, ապահով, դա նշանակում է գաղթ։ Անապահով հողը հայրենիք լինել չի կարող։ Կխոսեն եթերներով, կասեն, բայց և իրենք արդեն պլանավորել են գաղթն իրենց երեխաների համար։ Սա պիտի նկատի ունենանք, իսկ մենք խոսում ենք ՀՀ-ում պատշաճ ապրելու մասին։
– Դուք ինչպե՞ս եք տեսնում անվտանգ միջավայրը վերականգնելու, դա ապահովելու խնդրի լուծումը։
-Պիտի հասկանանք, որ սա ամենաբարդ աշխատանքն է և մեզ միավորող միակ աշխատանքը։ Այստեղ ամեն մեկն իր միջով պիտի անցկացնի ինչ-որ եղել է 1988 թվականից սկսած, էլ չեմ ասում՝ Առաջին հանրապետության դասերը 1918-1920 թվականներին, բայց ամենակարևորը 1988-ից սկսածն է՝ փոթորիկը, խժդժությունը, պատերազմի ողբերգության բացառումը, գլխավոր նպատակը խաղաղ գոյակցության չհաստատումն է։ Որտեղ էլ լինես՝ ԱՄՆ-ում, ՀՀ-ում, թե ՌԴ-ում, ինչ կարգավիճակում էլ լինես, մի մխիթարանք ունես՝ գտնես ձև համակեցության հաստատմանը մասնակցելու։ Այո-այո, հիմա ադրբեջանցիներին պետք է պարտադրես այդ խաղաղ համակեցությանը։
– Ամենակարևորը, թերևս, հետևյալ հարցն է՝ ինչպե՞ս պարտադրել խաղաղություն Ադրբեջանի պես պետությանը՝ իր հավակնություններով և վարքագծով։
-«Ինչպեսը» գործիքների հարցն է, բայց նախ՝ նպատակը հստակ ձևակերպելն է։ Գիտեք՝ պետք է իմանալ, որ երկար շրջան դժվար է լինելու, բայց դա չի նշանակում, որ ուրիշ ճանապարհ կա՝ բացի համակեցություն հաստատելը։ Դա չի նշանակում, որ հնարավոր է սահմանները վերաձևել, դա նշանակում է, որ պարզապես պետք է կանխատեսես հակառակը՝ եթե դու համակեցություն չես հաստատում, եթե այդքան ընդունակություն չունես․․․ օրինակ՝ ինչո՞վ են զբաղված աշխարհում՝ ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Ֆրանսիայում մեր հայրենակիցները, իրենք պետք է հասկանան, որ պետք է սկսվի բացառիկ երկխոսություն։
– Ձեր առաջարկը կարող էր գործել իդեալական պայմաններում, բայց ի դեմս ադրբեջանցիների՝ գործ ունենք մի ժողովրդի հետ, որտեղ հայատյացության մակարդակը շատ մեծ է։ Մենք էլ ենք ադրբեջանցիների և թուրքերի մասին տվել բնորոշումներ, բայց դա առավելապես պաշտպանողական ֆունկցիա ուներ։ Դուք հակառակ կողմից տեսնո՞ւմ եք պատրաստակամություն՝ երկխոսության անհրաժեշտությունն առաջ քաշելիս։
– Ես անընդհատ կասեմ, որ դա պետք է պարտադրվի։ Պարտադրելը չի նշանակում զենքով պարտադրել, այլ հետևողականորեն, հաստատակամորեն։ Աշխարհը պետք է տեսնի, որ սա ժողովուրդ է, որը կարողանում է արժանապատիվ պարտվել, ինչը նշանակում է՝ կարող ես ուշքի գալ, հետևություններ անել, ցավոտ հետևություններ անել քո գործողություններում և վարքագծում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան
Աղբյուրը՝ factor.am