Մահացել է կրթահամալիրի նախկին աշխատակից, ավագ դպրոցի շրջանավարտ Տաթև Վանյանի հայրիկ, իրավապաշտպան Գեորգի Վանյանը։
Գեորգին կրթահամալիրում թատրոնի ուսուցման ակունքներում է, կրթահամալիրի «Ծիր կաթին» առաջին պարբերականի խմբագիրը, թատրոնի հանրակրթական ծրագրի հեղինակ։ Նա եղել է «Նոր ուղի» քաղաքական կուսակցության ղեկավարներից, խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի հիմնադիր, հայ-ադրբեջանական խաղաղասիրական՝ Թեքալիի գործընթացի նախաձեռնողը։ Գեորգիի նախաձեռնությամբ 2007-ին կրթահամալիրում գործեց «Ադրբեջանի օրեր» քաղաքացիական նախագիծը։ Տասնամյակներ շարունակ Գեորգի Վանյանը հետևողական փորձել է հայ-ադրբեջանական երկխոսության հիմքեր ստեղծել մեր հասարակության մեջ, Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում… Խաղաղ, համագործակցող հարավային Կովկասի ջատագով լինելը Գեորգիին Երևանից տարավ Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղ՝ որպես մշտական բնակության վայր։
Գեորգին մեր ընկերն էր. գիտակցումով՝ սեբաստացի։ 1998թ. նա ղեկավարում էր ՀՀ նախագահի թեկնածու Աշոտ Բլեյանի շտաբը, իսկ 1999-2001-ին՝ Աշոտ Բլեյանի պաշտպանության հասարակական խորհուրդը. գործունեություն, որը մեր ընկերության բարձրակետը եղավ։
Ցավակցում ենք Տաթև և Արփի դուստրերին, հարազատներին, ընկերներին։
Գեորգի Վանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին ժամը 17:00-ից 20:00-ն «Զոլեր» սգո սրահում (Գ. Հասրաթյան 25/3):
Հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 19-ին՝ 13։00։