Այս օրերին հետաքրքիր, սակայն մտահոգիչ իրադարձություններ են տեղի ունենում Վայոց ձորի մարզի Արենի համայնքում։
Նոյեմբերի 16-ին Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի որոշմամբ հայտարարվել է մրցույթ Արենի բնակավայրի մոտ 400 հա և Գնիշիկ բնակավայրի շուրջ 3000 հա կարևոր բնապահպանական նշանակություն ունեցող հողավանդակները վարձակալությամբ տրամադրելու մասին։ Ուշագրավ է, որ հողատարածքները տրվում են վարձակալության բնապահպանական ծրագրեր իրականացնելու նպատակով, սակայն դեկտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ մրցույթի միակ մասնակիցը՝ տխրահռչակ «Բեզոար» հիմնադրամն է։
«Բեզոար» բնապահպանական հիմնադրամն իսկապես այդքան էլ բարի համբավ չունի․ այն տարիներ շարունակ ֆինանսավորվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից, իբրև թե, բնապահպանական նպատակներով, սակայն շատ են լուրերն այն մասին, որ տարածքն ընդամենը որսատեղի է հանդիսացել Գագիկ Ծառուկյանի համար։ «Բեզոարի» հիմնադիրը և մարզում Ծառուկյանի «վստահված անձը» Մուրադ Հարությունն է, որին 2021թ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը) և 294-րդ հոդվածի (Ապօրինի որսը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։ Վերջինս հանդիսացել է ոչ միայն նշված բնապահպանական հիմնադրամի հիմնադիրն ու տնօրենը, այլև՝ Հայանտառ ՊՈԱԿ Վայոց ձորի անտառտնտեսության մասնաճյուղի տնօրենը, բացի այդ՝ Եղեգնաձորի որսորդական միության տնօրենը։
Փաստորեն բնապահպանական հիմնադրամի տնօրենին Հայանտառում պաշտոն զբաղեցնելու տարիների աշխատանքի համար մեղադրանք է առաջադրվել յուրացնելու կամ վատնելու համար, իսկ արդեն 2021թ․-ի հուլիս ամսին Մուրադ Հարությունյանին ոստիկանները բռնել են Ելփինի «Քարի տակ» կոչվող վայրում։ Նա փորձել դիմել փախուստի, սակայն չի հաջողվել, իսկ մեքենայի մեջ հայտնաբերվել է որսված կարմիրգրքյան բեզոարյան այծ։ Այսպիսով, երկու հոդվածով քրեական գործով մեղադրյալ Մուրադ Հարությունյանի հիմնադրած բնապահպանական հիմնադրամը, որը նաև ֆինանսավորվել է Գագիկ Ծառուկյանի կողմից, ցանկություն ունի Արենի համայնքում շուրջ 3400 հա հողատարածք վարձակալել «բնապահպանական ծրագիր» իրականացնելու նպատակով։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքին հետաքրքրեց նաև, թե այդ ի՞նչ ծրագիր է պատրաստվում իրականացնել այդ հիմնադրամը, արդյոք ներկայացրել է որևէ բան, ինչին ի պատասխան համայնքապետարանից հայտնեցին՝ «հստակ ոչինչ չկա»։ Համայնքի ղեկավարն ու ավագանիները, սակայն, դեմ չեն, որ այդ հողավանդակները վարձակալի «Բեզոարը», ինչն իհարկե իր պատճառներն էլ ունի։ Թեպետ նշված հիմնադրամը իսկապես վատ համբավ և ակնհայտ անհամապատասխանություններ ունի, բայց Գնիշիկում խոսում են, որ հրահանգը վերևից է եկել՝ «հողերը պետք է տրվեն Գագիկ Ծառուկյանին»։ Թե ովքե՞ր են այդ «վերևները» և ինչո՞վ է պայմանավորված որոշումը, մեր աղբյուրները տեղյակ չեն, սակայն խոսակցություններն այդ մասին չեն դադարում։
«Վերևների» հրահանգի մասին խոսակցությունները որոշակիորեն հաստատում է նաև այն հանգամանքը, որ Գնիշիկ գյուղի հարակից տարածքներում, որոնք բնապահպանական կարևոր գոտիներ են համարվում, գործունեություն են ծավալում նաև այլ բնապահպանական կազմակերպություններ՝ Արփա պահպանվող լանդշաֆտը ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)։ Այս երկու կառույցները չեն մասնակցում վարձակալության մրցույթին, ավելին՝ FPWC բաց նամակ է հղել համայնքի ղեկավարին և ավագանիներին՝ խնդրելով վերանայել մոտեցումները։ Մրցույթին չմասնակցելու պատճառը FPWC հիմնավորել է՝ գրելով․ «Մասնավորապես՝ մրցույթում առկա են ՀՀ իրավական նորմերին հակասող դրույթներ, այն է՝ Գնիշիկ բնակավայրի տարածքներում որսահանդակների բացակայության պայմաններում խոսել թույլատրելի որսի մասին։ Գնիշիկ բնակավայրի տարածքում որսն արգելված է, քանի որ այն ներառված չէ ՀՀ Վայոց ձորի մարզի որսահանդակների սխեմատիկ քարտեզում (ՀՀ կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի N 860-Ն): Այս պայմաններում ոչ մի իրապես բնապահպանական կառույց սկզբունքորեն չի մասնակցի հայտարարված մրցույթին։ Բացի այդ՝ բացակայում է անհրաժեշտ մրցույթի տեխնիկական բնութագիրը, ինչպես նաև բնապահպանական ծրագրեր իրականացնելու չափանիշները»։ Այս կազմակերպությունների կողմից տարիներ շարունակ հսկայական ֆինանսական և մարդկային ռեսուրսներ են ներդրվել համայնքում պահպանություն իրականացնելու նպատակով։
Թեպետ Բեզոար հիմնադրամի տնօրենն այժմ այլ անձ է՝ Հարություն Մուրադի Հարությունյանը, սակայն դա պարզապես ձևական բնույթ է կրում, քանի որ նա Մուրադ Հարությունյանի որդին է։ Գնիշիկն էական նշանակություն ունեցող էկոլոգիական միջանցք է խոշոր և ակտիվ տեղաշարժվող կենդանիների համար, ինչպիսիք են ոչ միայն կովկասյան հովազը, բեզոարյան այծը, այլև՝ հայկական մուֆլոնը, գորշ արջը, եվրոպական լուսանը և այլն: Տարածքում հանդիպում են ողնաշարավոր կենդանիներին պատկանող 241 տեսակներ, որից 166 թռչունների և 39 կաթնասունների տեսակ:
Թռչուններից 34 տեսակ գրանցած է Հայաստանի Կարմիր գրքում, որոնցից 8-ը՝ նաև միջազգային IUCN կարմիր ցուցակում։ Տարածքը կարևոր վայր է քարակաքավի և կարմրաթև ոսպնուկի, ինչպես նաև հազվագյուտ մորուքավոր անգղի, գիշանգղի, քարարծիվի և օձակեր արծիվի, սապսանի, բվեճի, ներկարարի, մեծ ժայռային սիտեղի, կարմրագլուխ շամփրուկի և վարդագույն սարյակի Հայաստանում բնադրող պոպուլյացիաների համար: Հայկական բարձրավանդակի էնդեմիկներից 3-ը՝ Հայկական լեռնատափաստանային իժը, Հայկական իժը և Հայկական մուֆլոնը հանդիպում են Գնիշիկի տարածքում:
Գնիշիկ համայնքն օժտված է նաև հարուստ բուսական աշխարհով։ Տարածքում հաշվառվել են բույսերի՝ 885 տեսակներ, որից ՀՀ բույսերի կարմիր գրքում՝ 55 տեսակ, ինչպես նաև՝ սնկերի 15 տեսակներ։ Այս բոլոր համակեցությունները ներառում են բազմաթիվ հազվագյուտ, վտանգված և էնդեմիկ բուսատեսակներ: Ընդգծենք նաև, որ 2019թ․-ին նշված տարածքում թակարդ-տեսախցիկներն անգամ կովկասյան հովազ են նկարահանել։
Գնիշիկում իրականացված աշխատանքներն իսկապես դրական արդյունքներ են գրանցել, սակայն այժմ մեծ է հավանականությունը, որ այս հազվագյուտ տարածքը պարզապես որսատեղ է դառնալու։ Նախկինում «Բեզոար» հիմնադրամը 3 տարով վարձակալել է հողատարածքներ Արենի համայնքում, սակայն ինչպես մեզ հետ զրույցում ասել էր Մուրադ Հարությունյանը՝ Ծառուկյան Գագիկն այլևս հրաժարվել է ֆինանսավորել նրանց և վերջինս որոշել է փակել հիմնադրամը։ 2021թ․-ի աշնանը, կարծես թե, փոփոխություններ են եղել։
Նյութի աղբյուրը` Econews.am