ժառանգության ուխտ
Ժառանգորդն ենք 1918–20թթ. Հայաստանի Հանրապետության 20–րդ դարում հայոց անկախ պետականության առաջին արտահայտության։ Յուրացրած Առաջին Հանրապետության ողբերգության դասերը՝ թույլ չենք տա դրա կրկնությունն այսօր։Ժառանգորդն ենք երկհարյուրամյա ազատագրական պայքարի, որի գերնպատակը անկախ հայկական պետականության ստեղծումն ու կայացումը պետք է լինի։ ժամանակն է մեկընդմիշտ մերժել պերմանենտ հեղափոխականությամբ վարակված ազատագրական շարժումը, հայոց ազատամարտը, որը շարունակաբար վտանգել եւ վտանգում է պատմական հայրենիքի տարածքներում հայ ժողովրդի ապրելու իրավունքը։
ժառանգորդն ենք Խորհրդային Հայաստանի իբրեւ ազգային վերածննդի եւ սոցիալ-տնտեսական վերելքի հիմքի։ Սակայն սկզբունքորեն դեմ ենք, որ ապագային ուղղված մեր այսօրվա հայացքը կրկին շրջվի դեպի անցյալը, եւ իր էությամբ անպտուղ կարոտախտը թուլացնի արժանավոր ապագա կերտելու ազգային կամքը։ Սա նույնպես հեղափոխականություն է։ Խորհրդային համակարգն անդառնալի անցյալ է, եւ նրա թողած ժառանգության անաչառ գնահատմամբ անհրաժեշտ է գտնել Հայաստանի Հանրապետությունում սոցիալական արդարության եւ հասարակական նոր համակեցության բանաձեւերը։ ժառանգորդն ենք նորանկախ Հայաստանի յոթնամյա պատմության, որ հայկական պետականության նոր էջ է բացել 21-րդ դարում աշխարհի ժողովուրդների ընտանիքում իրավահավասար ապրելու հնարավորություն։ Մերժում ենք այսօր ավելի ու ավելի սպառնալի դարձող, ընթացքից, ոտքի վրա եւ «ամենակարճ ժամկետներում» անկախության տարիներին անցած լավն ու վատը արմատապես վերանայելու եւ հասարակությանը «նոր երջանկություն» պարտադրելու արատավոր եւ, ըստ էության, զուտ դեմագոգիական գործելաոճը։ Մեզ պրոֆեսիոնալների պետություն է պետք, գործուն ու արդյունավետ պետական մեխանիզմ, որը կպաշտպանի հայ հասարակությունը ցնցումներից եւ հակասական գաղափարաբանական բեւեռների միջեւ թավալգլոր լինելուց։ Միայն ժողովրդի սոցիալական պահանջների բավարարումով, միայն նրա հայրենատիրական շահերի ձեւավորումով կարելի կլինի դառնալ կայուն, իրավական պետություն։
Լեռնային Ղարաբաղի շահերի պաշտպանության անխախտ երաշխիքներ
Ինքնիշխան, ուժեղ եւ ժողովրդավարական Հայաստանն է միայն, որ կարող է ազգային բոլոր խնդիրների, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի պաշտպանության երաշխիքը լինել։ Առանց միջազգային ընկերակցությունում իր դիրքերը հաստատած Հայաստանի չկա եւ չի կարող լինել ազգային խնդիրների հանգուցալուծում։ Կայացած, ուժեղ Հայաստանի պայմաններում, նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս բնակվող հայրենակիցների անվտանգության ապահովումն է գերխնդիրը։ Եթե կա իր տարածքում ապրող ժողովուրդ, Հայաստանի հետ նրա միավորման հնարավորությունը պահպանվում է։ Բայց եթե փոխադարձ դիմակայությունն ու թշնամությունը հասնում են մինչեւ այն աստիճանը, որ հարեւանը դիմում է էթնիկական զտման քաղաքականության, ապա տեղահանության արդյունքը լինում է պատմական հայրենիքի տարածքների եւ նրա բնակչության կորուստը։ Այսպես մենք անդառնալի կորցրինք Դաշտային Ղարաբաղը, Հյուսիսային Արցախը։
Լեռնային Ղարաբաղը ոչ թե կարոտ է նոր փորձությունների, այլ հմուտ դիվանագիտության աջակցության, խաղաղ ու արարիչ շինարարության Լեռնային Ղարաբաղի բնակչությունը իր պապերի հայրենիքում անվտանգ ու ապահով ապրելու կարիքն ունի, ինչը հնարավոր չէ առանց հարեւան Ադրբեջանի հետ համակեցության փոխադարձաբար ընդունելի տարբերակների առաջադրման եւ հաստատագրման։ Այս հարցում ցանկացած հապաղում հղի է շրջանում լարվածության նոր աճով եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության նոր արտագաղթով։ Նման իրողությունների գիտակցությամբ է, որ պատրաստ ենք ստանձնելու Լեռնային Ղարաբաղի ապագայի հանդեպ պատասխանատվությունը
Համակողմանի աջակցություն տարասփյուռ հայությանը
Հայաստանի Հանրապետությունը այլեւս չի կարող իր ներքին եւ արտաքին քաղաքականությունը կառուցել առանց հաշվի առնելու տարասփյուռ հայության կենսական շահերը։ Մեծաքանակ Սփյուռք ունեցող Հայաստանի համար Սփյուռքի հետ կապերն ապահովող հաստատությունները, հայրենադարձության եւ ներընդգրկման օղակները պետք է լինեն պետության կարեւորագույն ինստիտուտները Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար մենք նախ եւ առաջ կարեւորում ենք հայրենադարձությունը, քանզի ազգային պետությունն առաջին հերթին բոլոր հայերի հնարավորությունն է վերադառնալու հայրենիք։ Այս հարցում կարելի է եւ պետք է օգտագործվի խորհրդային տարիների ուսանելի փորձը։ Այս անգամ շատ ավելի մեծ լայնախոհություն ցուցաբերենք եւ հայրենիք ներգաղթը չպայմանավորենք գաղափարախոսական, լեզվական կամ դավանաբանական խնդիրներով։ Խիտ բնակեցված Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ազգային անվտանգության ամենագործուն երաշխիքներն են։
Ինչ վերաբերում է օտարահպատակությունը պահպանող Սփյուռքին, ապա պետությունը պետք է միշտ պատրաստ լինի իր հնարավորությունների առավելագույնով աջակցել նրան եւ ընդունել նրա աջակցությունը պետության առաջնայնությունը հրամայական ճանաչելով Սփյուռքի ծառայությունն ու աջակցությունը հայրենիքին Հայաստանում ներքաղաքական ազդեցության լծակ չի կարող լինել։
Համակեցություն անմիջական հարեւանների հետ
Անմիջական հարեւաններին չեն ընտրում։ Անմիջական հարեւանները պատմական իրողությունների արդյունք են, եւ հաշվի չնստել այդ իրողությունների հետ՝ նշանակում է հերթական անգամ հարցականի տակ դնել ազատագրական պայքարի գլխավոր ձեռքբերումը՝ անկախ պետականությունը։ Պատմական, ազգային հասունության գերագույն վկայությունն անմիջական հարեւանների հետ համակեցության փոխադարձաբար ընդունելի նորմերի հաստատագրումն է։ Դա էր գերխնդիրը 1918–20թթ. Առաջին Հանրապետության ժամանակ, ինչը ձեւակերպված է Հովհաննես Քաջազնունու գլխավորած կառավարության 1918թ օգոստոսի 1-ի ծրագրում։ Օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներով Առաջին Հանրապետությունում այդ խնդրի լուծումը չգտնվեց, եւ կորսվեցին թե՛ պետականությունը եւ թե՛ պատմական հայրենիքի տարածքների մի մեծ հատվածը։ Մենք այս խնդրի իրագործումը ստանձնում ենք ազգային ու պետական շահերի ճկուն պաշտպանաթյան մեխանիզմների գործադրման միջոցով։ Հայաստանից դուրս մեր բոլոր հայրենակիցների համար պիտի հասկանալի լինի, որ պետությունը կայանում է, երբ ընդհանրության ազգային հատկանիշներին ավելանում է նաեւ հայրենիքում ապրելու ընդհանուր շահը։
Ազգային անվտանգության պաշտպանություն
Այսօր արդեն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը սպառնալիքի տակ է տնտեսական փլուզման եւ հաղորդակցման ճանապարհների շրջափակման հետեւանքով։ ժամանակն է հստակեցնելու եւ միանշանակություն հաղորդելու «Ազգային անվտանգություն» հասկացությանը։ Միայն այս կերպ հնարավոր կլինի խուսափել այն թյուրիմացություններից, որոնք պարբերաբար ցնցում են հանրապետությունը։ Եթե չկա «Ազգային անվտանգության» համապարփակ դոկտրինը, չի կարող լինել եւ առ այսօր չկա «Ռազմական դոկտրինը», ինչը անհանդուրժելի է պատերազմական վիճակում գտնվող երկրի համար։ Սա իր հերթին հնարավորություն չի տալիս հստակ սահմանելու դիվանագիտության լիազորությունների սահմանները, ձեւավորելու գործուն արտաքին գործոց նախարարության եւ նախանշելու Ազգային անվտանգության պետական վարչության աշխատանքային խնդիրները։ Նույն պատճառներով է, որ ազգային բանակի կազմավորման եւ ամրապնդման խնդիրները լուծվում են տարերայնորեն ու իրավիճակից ելնելով Ազգային բանակը պետք է կազմավորվի ոչ թե առավելագույն քանակի զինվոր հավաքելու, այլ առավելագույն արդյունավետության սկզբունքով։ Նաեւ բանակը պետք է դառնա երկրի արտաքին պաշտպանության եւ ոչ թե ներքաղաքական ու տնտեսական հարաբերություններ որոշող գործոն, ինչպես հիմա է։
Զարգացած տնտեսությունը, կրթությունն ու գիտությունը իբրեւ պետության ինքնիշխանության եւ ազգային անվտանգության երաշխիք
Տնտեսությունը ժամանակակից պետությունների հիմնաքարն է, հաղորդակցման ճանապարհների բանուկությունը՝ ինքնուրույնության գրավականը։ Հաղորդակցման բնական ճանապարհներից զուրկ, հարեւանների հետ հակամարտության կամ լարվածության մեջ գտնվող երկրների տնտեսությունը համաշխարհային ֆինանսատնտեսական կառույցների գերին է դառնում, իսկ իշխող վերնախավը՝ նշված կառույցների քաղաքական կամակատարը։ Հայաստանի տնտեսական եւ հաղորդակցական շրջափակումը Միջազգային արժութային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող գումարներով չի փոխհատուցվում։ Հետպատերազմյան շրջանի աշխարհի պատմությունը չի հիշում նույնիսկ մեկ դեպք, որ նորանկախ երկրի տնտեսությունը կառուցված եւ զարգացած լինի ՄԱՀ-ի ու Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ։ Ընդհակառակը, այն պահանջները, որ ներկայացնում են վերջիններս, ֆինանսավորվող կողմին վաղ թե ուշ հանգեցնում են սոցիալական եւ տնտեսական կաթվածի, երբ օրվա հացն անգամ աշխատավորը կուլ է տալիս հանցավորի դառնությամբ։
Խորհրդային տնտեսակարգից նորին՝ ազատ-մրցակցային տնտեսակարգին անցնելու արդյունքում այսօր մեկ գլխավոր սեփականատիրոջ՝ պետության փոխարեն ունենք հազարավոր սեփականատերեր՝ ի դեմս մասնավոր անձանց ու ակցիոներների։ Ճիշտ է, վարկերի հաշվին, բայց արդի չափանիշները բավարարող տնտեսության սպասարկու ենթակառուցվածքներ ձեւավորվեցին (բանկային, տեղեկատվական, խորհրդատվական, հաղորդակցական եւ այլ համակարգեր ու ծառայություններ)։ Հասարակությունը թանկ վճարեց տարիներ տեւած ու դեռ շարունակվող երեւույթի՝ ապապետականացման կամ մասնավորեցման համար պետական բյուջեն, քաղաքացու եկամուտները դրանից չաճեցին, արդյունաբերությունը դարձավ անարդյունավետ, ու արտադրական կյանքը հանգավ։
Ունեցվածքի նոր վերաբաշխումը, սեփականատիրոջ նոր փոփոխությունը հարյուր հազարավոր քաղաքացիներին ու պետությանը ոչ միայն ոչինչ չեն տա, այլեւ վերջին հարվածը կլինեն արտադրելու հնարավորությանը։ Մեր քաղաքացիների ու պետության շահերը պահանջում են անել անհրաժեշտ քաղաքական քայլերը, ապահովել տնտեսական գործունեության կենդանացման միջավայր ու պայմաններ։
Հայաստանի տնտեսական զարգացումն ու հզորացումն ինքնուրույն տնտեսական քաղաքականություն են պահանջում, ինչը հնարավոր է միայն և միայն անմիջական հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և հաղորդակցման բոլոր ճանապարհների վերականգնման, տնտեսական ու հոգևոր լիարժեք գործակցության դեպքում։
Հայաստանի տնտեսության կենդանացում, ստեղծող ազգի ինքնավստահության վերականգնում, երաշխավորված խաղաղության միջոցով՝ մասնավոր ներդրումների խթանում, աշխատանքի պաշտամունքի հաստատում, արտադրական աշխատանքով աշխարհում մերը նվաճելու խնդիր․ սրանք կձևավորեն նոր հասարակություն։ Հասարակություն, որը կպահանջի նոր համակեցություն, նոր արժեքներ յուրացրած սերունդ։ Միայն այս ճանապարհով կրթությունը, գիտությունն ու մշակույթը կրավորական վիճակից կդառնան հասարակության զարգացման ու համախմբման կարևոր գործոն։ Միայն այս պայմաններում հասարակության բոլոր շերտերը կգան համաձայնքության՝ կրթության բարեփոխման հարցերում, և կգտնվեն անհրաժեշտ միջոցներ ուսուցչի և դասախոսի աշխատանքը պատշաճ գնահատելու համար։
Նոր Հայաստան
Խորհրդային կայսրության փլուզմամբ մեզ նորից պարտադրվեց անկախություն, որն այս անգամ ընդունվեց 1991թ․ սեպտեմբերի 21-ի հանրաքվեով։ Վերևից իջեցված անկախությունը կազմակերպված նվաճելու արդյունք համարելը վկայում է տվյալ ազգի գիտակցական որոշ մակարդակի մասին, բայց ոչ ավելին։ Ազգի գիտակցականության ու միասնականության բարձրագույն աստիճանի մասին վկայում են ինքնորոշման համար պայքարը կամ էլ անկախ պետությունը կորցնելու սպառնալիքը կանխելը։ Եվ եթե մենք տարբեր հազարամյակներում նույն կերպ ձեռք ենք բերել ու նույն կերպ էլ կորցրել մեր ինքնուրույն պետականությունը, նշանակում է, որ իշխող վերանախավը ոչինչ էլ չի արել՝ այդ պետականությամբ շահագրգռելու նաև ռամիկ ժողովրդին և դրանով իսկ արագացնելու ազգային կոնսոլիդացիայի ընթացքը։ Դա նշանակում է, որ ժողովրդի հիմնական մասն անտարբեր է վերբերվել պետության ստեղծմամբ ու անկման գործընթացին։ Բայց եթե միջնադարյան իշխանական Հայաստանում դա հասկանալի էր, ապա հասկանալի չէ մեր օրերում։ Իսկապես, ինքնուրույն հայկական պետականության ստեղծման ակտերին թե՛ 1918թ․ և՛ թե 1991թ․ նախորդել են համաժողովրդական խանդավառության ու համազգային միասնականության պոռթկումներ՝ մի դեպքում Սարդարապատի ճակատամարտով, մյուս դեպքում՝ Արցախյան շարժումով։ Բայց ոգևորության երկու դեպքերին էլ հաջորդել է, ըստ էության, խորքում հակա-անկախ-պետական հիասթափություն։ Եվ այսօր, երբ մեր հասարակության աչքին համազոր նշանակություն են ստացել թե՛ սոցիալական, թե՛ ազգային խնդիրները, մեր պետությունը կանգնել է լուրջ ընտրության առջև։ Նա կամ պետք է այդ խնդիրների հաջող լուծումով գտնի համաժողովրդական աջակցություն և առաջին անգամ մտնի գոյության ամուր, ապահով հուն, կամ պետք է իր նախորդի նման թուլանա, կործանվի սեփական ժողովրդի անտարբեր հայացքների ներքո։
Հարկավոր է, որ մեր ժողովուրդը դառնա ոչ միայն անկախ պետության հռչակման մասնակից, այլև ինքնուրույն պետականությունը պահպանելու երաշխավոր։ Դրա համար նրան պետք է հայրենիքի տեր դարձնել ոչ թե կարգախոսներով ու խոստումներով, այլ օրնիբուն հայրենատիրական շահը ձևավորելով։ Երբ ինքնուրույն պետականության կորստի հետ ժողովուրդը կորցնելու լինի նաև իր շահը, նա կկանգնի այդ պետության թիկունքին՝ կրկնակի եռանդով ու հայրենասիրությամբ։
Հանրապետության առաջին դեմքի օրինապահությունը վարակիչ պիտի լինի, պետական պաշտոնյաների միջոցով պիտի փոխանցվի Հայաստանի քաղաքացուն։ Միայն օրինապաշտ հպատակությամբ կմաքրենք մեր պետական տունը անօրինությունների կեղտից։ Օրինապահությունը պիտի դառնա դաստիարակչական առանցքը՝ դպրոցից մինչև բարձրագույն ուսումնական հաստատություն։
1998թ․ փետրվար