Հայոց աշխարհի սահման-գյուղերը՝ անառիկ բերդեր

«Խորհրդային Հայաստան», 28 ապրիլի 1990թ.

Հանրապետության Գերագույն խորհրդի երեսփոխան Աշոտ Մանուչարյանի հետ Վայքում հանդիպեցինք մեծաթիվ մարդկանց հետ: Ուշ էր արդեն: Ազնաբերդի (նախկին Գյուլիստան) մի քանի տղաներ մոտեցան մեզ և պնդեցին, որ անմիջապես մեկնենք գյուղ: Այդպես էլ ասացին՝ կգաք դուք, թե չէ կգա գյուղը:

Խցկվում եմ ինքնապաշտպանության ջոկատի տղաների «Վիլիսը»: Վայք-Զառիթափ – Խնձորուտ: Անցնում ենք գետակը, ահա և Ազնաբերդը: Երեկվա զնաբերդցիների, այսօրվա ազնաբերդցոնց հետ կեսգիշերային հանդիպման խորհրդավորությունը գնալով ուժեղանում է: Վառարանով, 20-ական թվականներին շատ տիպական ներքին հարդարանքով խրճիթ-ակումբում ողջ գյուղն է հավաքվել՝ 40 ընտանիք, մեծով փոքրով, բոլորը Նախիջևանի Զնաբերդ գյուղից, բոլորն էլ անսովոր հողաբույր ու միամիտ… Ուրախացնող է նրանց անհանգստություն-հետաքրքրությունը հանրապետության կյանքի բոլոր կողմերի նկատմամբ: Առինքնող է նրանց սոցիալ-տնտեսական պահանջների խելամիտ, գիտակցված չափավորությունը. գիտեն, որ միայն իրենք չեն, որ ամենավատն իրենց վիճակը չէ, որ միանգամից ոչինչ չի լինի, որ տեղական իշխանությունները շատ հաճախ անկարող են օգնելու:

Զնաբերդցիք դառնացած են, ոմանք ուրիշ տեղերում են իրենց բնակավայր փնտրում: Այս հողում արմատ չեն գցել շատերը: Մոռացված են զնաբերդցիք: Դժվարանում էին հիշել, թե երբ են վերջին անգամ իրենց այցելել կուսշրջկոմի քարտուղարն ու շրջխորհրդի գործադիր կոմիտեի նախագահը: Գյուղացիք պարապ են, աշխատանք չկա, ու հույս տվող էլ չկա: Շինանյութի մեծ պակաս կա, իսկ շատ տներ նորոգման կարիք ունեն. իրենք սիրով կանեին, եթե մի քիչ գաջ ու ցեմենտ, տախտակ ու ներկ լիներ: Խնայած փողը հատնում է: Շրջկոոպը շատ վատ առևտուր է անում, լվացքի փոշի ու օճառ չկա, նաև լվացքի մեքենա: Խնձորուտ-Ազնաբերդ ճանապարհն է անտանելի, նաև գյուղամեջի փողոցները: Խմելու ջրավազանը չի մաքրվում: Ակումբում կինոնկար մի անգամ են դիտել, ինքնագործ ոչ մի խումբ չի այցելել: Հեռուստացույցը շատ վատ է բռնում հանրապետական միակ ալիքը, փողոցները չեն լուսավորվում: Գյուղը մեքենա ու տրակտոր չունի, անհանգստացած են ինքնապաշտպանությամբ: Այսօր շնորհակալ են՝ իրենց հուսալի պահպանում են ինքնապաշտպանության ջոկատի տղաները, որոնց հետ գյուղացիների հարաբերությունները նախանձ են շարժում, իսկ վա՞ղը… Չէ՞ որ դաշտ ու սար են դուրս գալու:
Իմ այցելած բոլոր սահմանային գյուղերին բնորոշ սոցիալական դժգոհություններ, անբավարարվածություն, իշխանությունների ու ոչ պաշտոնական կազմակերպությունների կողմից տարրական ուշադրության պակաս:

Զնաբերդցիների ես շատ եմ հանդիպել նաև Եղեգիսի կիրճի Ալայազ (Սմբատաբերդ), Ղավուշուղ (Հերմոնե) գյուղերում: Նույն կարիքը, նույն անբավարարվածությունն իրենց նոր գյուղ-կենցաղով: Չեն թաքցնում՝ աչքն իրենց Զնաբերդին է, հավատում են, որ ժամանակավոր են այստեղ, որ վերադառնալու են. Զնաբերդ, Փառագա, Բիստ գյուղերի դատարկումով մեր «Էրգիրը» մի քիչ էլ մեծացավ, այդ «Էրգրի» կարոտը նորացավ:

Սա իմ ուժերի ու ճաշակի նյութ չէ: Ինչո՞ւ, ինչպես դաստիարակվեցին այս գյուղերը, մի՞թե այսպիսի չթուլացող կարոտը քիչ էր՝ այդ գյուղերը չլքելու, էլի ժամանակ շահելու, դիմանալու համար: Սա էլ իմ խնդրից դուրս է: Իմ խնդիրը, ինձ ոչ մի կերպ չլքող, օրավուր անճող անհանգստությունը հրաշքով ետ բերված, որպես արցախյան շարժման նվեր, հայոց աշխարհի սահման-գյուղերի այսօրն է, նրանց վաղը, նրանց հեռանկարը:

Մեկ-երկու շաբաթ առաջ հրաշալի հնարավորություն ունեցա գյուղ առ գյուղ, տուն առ տուն ծանոթանալու Սևանա լճի ավազանի սահման-գյուղերին՝ Շորժայից մինչև մեծ Մազրա ընկած: Այստեղ էլ Դաշքեսանի, Շամխորի մեր հայրենակիցներն են տեղավորվել, մեծով-պստիկով, հիմնականում առանց երիտասարդների: Մեծ գյուղեր չեն, բայց ծով հոգսեր ու դժվարություններ, չլուծված, կիսալուծված հազար ու մի հարցեր ունեն, շատ նման զնաբերդցիների կարիքներին: Ես ո´չ իշխանություն էի, ո´չ կառավարություն, բայց գյուղացիք պահանջում էին ու խնդրում: Ես այլընտրանք չունեի. խոստացա, որ մոտ ժամանակներս էլի կգնամ, այս անգամ՝ տեղական ու հանրապետական իշխանությունների ղեկավարների հետ:

Ապշել կարելի է. մենք մեր միակ լիճն առանց կռվի, սկուտեղի վրա մատուցելու էինք օտարներին: Այսօր ճակատագիրը ներողամիտ է գտնվել՝ հայացրել է լճի այդ ափը: Տեր պիտի կանգնե՞նք մեր լճին, թե՞ ոչ: Կրասնոսելսկի, Վարդենիսի շրջանների իշխանություններն ու ժողովուրդը հաշիվ տալի՞ս են իրենց ուսերին դրված բեռան՝ Սևանա լիճը կրկին Գեղամա ծով դարձնելու համար:

Իմ ցավ-անհանգստությունը ո´չ միայն նախկինում ադրբեջանական գյուղերի մասին է:
Ահա, Եղեգնաձորի շրջանի Խաչիկ գյուղը: Նախիջևանի սահմանում բացառիկ կարևոր դիրք գրավող այս չնաշխարհիկ բնակավայրի հզորացումն ինձ ավելի կենսական խնդիր է թվում, քան Եվրոպոլիսի կառուցումը: Այսօր Խաչիկն ունի 200 տնտեսություն, բայց կարող էր ու պիտի ունենար, և բոլոր պայմաններն ունի՝ 1000-ից ավելի տնտեսությամբ հզոր բերդաքաղաք, հարուստ գյուղ-ամրոց դառնալու: Կունենանք այդպիսի Խաչիկ ամրոց՝ կկանգնի և Գնիշիկ գյուղը, կարող ենք տեր զգալ մեզ Նախիջևանի սահմանամերձ մի հսկա գոտու վրա՝ Խաչիկից մինչև Խնձորուտ, Խաչիկից մինչև Երասխ: Իսկ այսօր… Անհանգիստ օրեր են ապրում խաչիկեցիք, շփոթված է ու մտահոգ ամբողջ շրջանը, հավաքվում են նախկին խաչիկեցիք:

Ես շատ ավելի լավ եմ ծանոթ Եղեգիսի կիրճի ադրբեջանցիներից ազատված գյուղերի այսօրվան:

Բավական չէ՞ մի խնդրո առարկա նյութի այսպիսի իմացությունը մի քանի հրապարակավ արվելիք հարցադրումների համար:

Ինձ հաշիվ տալիս եմ, որ ցանկացած շրջանի նախկինում անդրբեջանաբնակ ամեն մի գյուղ ունի իր առանձնահատկությունները: Բայց և այնպես, թույլ տվեք ասել, որ… Այո՛, դժգոհ էին Ադրբեջանում ապրող մեր հայրենակիցների վիճակից: Այո՛, խիստ անհանգիստ էին մեր հանրապետությունում ապրող ադրբեջանցիների բնական մեծ աճով մեր հողերի խաղաղ նվաճման փաստից: Բայց մեծ հաշվով հանցավոր ձևով անպատրաստ էինք բռնագաղթի հետևանքով մարդկային մեծ զանգվածների այսպիսի արագ տեղահանման: Չունենք մեր կորսված շեների վերահայացման ազգային ծրագիր: Չունենք այսօր ճակատագրով մեզ պարտադրված տասնյակ գյուղերի վերաբնակեցման սոցիալական-տնտեսական խելամիտ, հեռահար քաղաքականություն: Լսում ենք հեռուստացույցով, կարդում թերթերում, որ այսինչ գյուղի այսքան տնից այսքանը զբաղեցվել են այսինչ վայրից բռնագաղթված մեր հայրենակիցները, որ տեղական իշխանություններն ամեն ինչ անում են, որ…

Նախկինում ադրբեջանաբնակ մեր գյուղերի այսօրվա բնակիչներից շատերն ապրում են, առայժմ, կենվորի կենցաղով: Նրանք իրենց նոր տան, հայրենի հողի տերն ու մշակը չեն: Շատերն ապրում են աչքը դրսին, այսօր գնալու ուրիշ տեղ չունեն, բայց տենդագին փնտրում են, հույսը չեն կորցրել: Կանցնի մեկ-երկու տարի, կխաղաղվի այս փոթորիկը, կմեծանան իրենց հնարավորությունները, ու մեկիկ-մեկիկ, աննկատ կդատարկվեն մեր այնքան մեծ գնով ետ բերված գյուղերը:

100 տոկոսով նոր բնակեցված, բայց հող չմշակող ու անասուն չպահող, բարիք չստեղծող և քաղաքի հաշվին ապրոց գյուղ ունենք, օրինակ, Եղեգիսի կիրճում: Բերել են մեր հայրենակիցներն Ադրբեջանից իրենց ծեր ծնողներին, տեղավորել գյուղերում, իսկ իրենք բնակվում են տարբեր քաղաքներում: Շաբաթ ու կիրակի օրերը, և ամառը գալիս են հյուր, միս են բերում, խորոված անում, իսկ երկուշաբթի օրն արդեն գյուղը ծերանոց է:

Զբաղեցրած տների որոշակի քանակը դեռ ապրող ու զարգացող, բարիք ստեղծող գյուղ չէ: Կենսունակ գյուղը սոցիալ-մշակութային առողջ միջավայր է: Զորացող գյուղը գյուղացուն իր քրտինքով հասրտացնող տնտեսություն է:

Ես սարսափած եմ. շրջխորհուրդները զեկուցում են զբաղեցրած տների, ժողկրթության նախարարությունը՝ բացվող-գործող դպրոցների, մշակույթի նախարարությունը՝ իր աշխատանքն սկսած ակումբների թվի մասին, իսկ իրականությունը շատ մռայլ է:

Հայոց սահման-գյուղերը, հայոց ետ բերված գյուղերը՝ անառիկ բերդեր: Սա մեր օրերի թիվ մեկ ազգային խնդիրն է: Այո, բայց ախր ինչպե՞ս…

Կասեք՝ կառավարությունը սահմանային ու լքված գյուղերի զարգացման պետական ծրագիր պիտի մշակի: Չեմ հավատում, քանզի նախ դեռ պիտի սուվերեն պետություն ունենալ, ուժեղ իր հողի վրա ինքնիշխան Հայոց Հանրապետություն: Չունենք, բայց սահմանային գյուղերի ամրապնդումը օրակարգի խնդիր է: Ելքը անհատների, ուժեղ անձանց նախաձեռնությունն է, ելքը առանձին կազմակերպությունների կողմից իրենց իսկ ընտրած գյուղի կենդանացումն է, իրենց իսկ մշակած ծրագրին համապատասխան: Լուծումները կարող են ամենատարբեր լինել: Մեր կրթօջախի օրինակով գիտեմ:

Մենք լծվեցինք Եղեգիսի կիրճի Կզլգյուլ (Արատես) լքված գյուղը դպրական կենտրոնի վերածելու գաղափարին: Եվ հրապարակվեցին գաղափարով, գյուղի հեռանկարով՝ շրջանային իշխանությունները, սիրով ընդառաջեց և հանրապետության կառավարությունը՝ ի դեմս Վլադիմիր Մովսիսյանի: Այսօր ոչ մի կասկած չկա՝ կանգնում է հատկապես Արատեսը, որպես գյուղ-դպրատուն, որը կշենացնի Եղեգիսի ձորը, դառնալով Հայոց նոր վերածննդի կրթական կենարար աղբյուր:

Հեռանկարային գործ է սկսել Գորիսի շրջանի Շուռնուխ գյուղում Էլեկտրոնիկայի հաշվիչ մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը: Ինստիտուտի ՀՀՇ-ի տղաների խանդավառությունը և հետևողականությունը համոզում է, որ կարճ ժամանակում նորովի ու հզոր կկանգնի և այս գյուղը:

Անշուշտ, կան և ուրիշ ոչ պակաս հուսադրող օրինակներ, որոնց մասին լայն հասարակությունը տեղեկացված չէ: Հարկ է, որ շրջանային թերթերը հանգամանորեն գրեն այսպիսի ձեռնարկումների մասին, հարկ է, որ գյուղի շենացման ցանկացած ծրագիր նախօրոք հրապարակորեն քննարկվի: Առայժմ սա է մեր իրականությունը՝ միայն հզոր ցանկության ու մեծ եռանդի, իր իսկ ծրագրի ու գաղափարի իրագործմանը ճգնավորի մոլեռանդությամբ տրված անհատը կամ անհատների խումբն է ի զորու այս խարխլված իրականության լծակները շարժել, որ լքված գյուղը զորեղանա բերդ դառնալու չափ:

Կոչեմ ապրողաց:
Մեծ խելք պետք չէ հասկանալու համար՝ ադրբեջանցին մեր հողերի գինը լավ գիտե, իր անելիքը հրաշալի պատկերացնում էր ու իր նվաճածը հատուկ ծրագրի իրագործում էր: Նայենք ուշադիր Հայոց փոքրացած աշխարհի քարտեզին. նույն գույնի ներկենք ադրբեջանցիների նախկին բնակավայրերը: Սթափ մտորումի որքա՜ն նյութ կա: Ադրբեջանցիք էլ չկան, բայց դատարկ է այդ գոտին, մերով չենք արել ու չենք տիրել: Ադրբեջանցին էլի կգա: Այո՛, մենք այս զարմանալի հողի, Հայաստան հայրենիքի արժեքը դեռ չգիտենք ու նրա հավատարիմ տերերը չենք առայժմ, քանզի հեշտությամբ լքել ենք մեր պապերի տներն ու մեր նախնյաց գերեզմանները, անպաշտպան թողել անգամ մեր հոգևոր ինքնության և քարեղեն վկաները՝ եկեղեցիները: Արժանի մշակները չենք այս հողի ու արմատով այս հողի մեջ չենք: Հողի ու տան իրական տերերը նրա վրա ու նրանում ապրողներն են:

Հողը երկար անտեր չի մնա, ոչ էլ տունը՝ դատարկ:
Կոչեմ Ապրողաց:

Աշոտ Բլեյան
«Մխիթար Սեբաստացի» կրթօջախի տնօրեն,
ՀՀՇ վարչության անդամ

Թողնել պատասխան

Կարծիք
Անուն*
Էլ․ հասցե*
Կայք*