Ես, գիտեք, անուղղելի հաշտարար եմ․․․
Այնքա՜ն ողբերգական են 1988-ից հայոց, նախ և առաջ ադրբեջանահայության կորուստները՝ մարդկային ու նյութական, հայ-ադրբեջանական ռազմական առճակատումներով, 1992-1994-ի, 2016-ի, 2020-ի պատերազմների այնքա՜ն ցավալի հետևանքներով, որ ուզում ես կանգնեցնել կորուստների ճանապարհը, փրկել-վերականգնել առավելագույն հնարավորը այսօր։ Իսկ ինչպե՞ս դա կանենք առանց ներհայկական հաշտության-համաձայնության՝ Արցախում, Հայաստանում, Սփյուռքում․․․ Արցախ-Հայաստան նոր համակեցությունը զարգացնելու համար, առանց վեճի մեջ մտնելու, որ չշեղվեմ, միայն արձանագրում եմ։
Եղավ մի շրջան, որ արցախցի մեր հայրենակիցների հայտնի խումբը կարևոր տնտեսական-ռազմական-պետական դիրքեր-պաշտոններ զբաղեցրեց Հայաստանում՝ առաջացնելով Հայաստան-Արցախ անվստահություն․․․ Եվ 2016-ի, 2020-ի պատերազմի ժամանակ կողք կողքի կռվելը, հատկապես հայաստանցի ժամկետային զինծառայողների անձնուրացությունը սկսեցին առաջացած ճեղքերը լցնել։ Անվստահությունը պետք է հաղթահարել նաև խաղաղ կյանքում, հիմա, երբ հրադադար է․․․
Եղավ և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղագիծ գրոհը՝ Արցախը Հայաստան է ու վերջ. սա ոչ միայն չօգնեց, այլև հատկապես 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմով մեծ ճաքեր տվեց․․․ Դավաճանության թեման էլ բերեց, բերում է, կբերի նոր բաժանումներ․․․
Չվիճենք, միասին արձանագրենք, որ հայաստանյան ինքնիշխանության հաստատումը, ապահով պետության զարգացումը, ամբողջական Արցախի ինքնորոշման, անվտանգության ծավալումը ենթադրում են, պահանջում են Արցախ-Հայաստան համերաշխության նոր աստիճան, նոր լուծումներ․․․ Կարևոր են օր առաջ համայնքային զարգացումները՝ խելամիտ-կենսական, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում՝ հինգ շրջաններում, Ստեփանակերտ քաղաքում խիտ բնակչության վերականգնումը․․․ Մի՞թե հնարավոր չէ, որ աշխարհասփյուռ հարուստ-կայացած արցախցիները համախմբվեն այսպիսի գաղափարի շուրջ․․․ Հիմնադրամներ են պետք, մեկը, թե վեցը, իմ նշած նոր Արցախի կառուցումը հիմնադրամներով։ Հայտնի, պետական-տնտեսական-ռազմական-հոգևոր աշխատանքով հեղինակություն ունեցող մարդկանց ստեղծած աշխատանքային խմբերը պիտի սկսեն այդ հիմնադրամները գործի գցել։ Հայաստանում հայտնի դարձած գործիչները, իրենց ռուսաստանյան հայրենակիցների-գործընկերների հետ սկսե՞լ են այս աշխատանքը․․․
Նախորդ օրը իսկական շուշեցիների մեծ ընտանիքում էի․ մեր ընտանեկան կապերը տասնամյա բոլորովին չեն թուլացել․․․ Չեմ պատմի իրենց, մեր ապրումները․․․ Ինչ ունեին-չունեին՝ թողել են Շուշիում․․․ երազները նաև․․․ Բայց մեր խոսակցությունը հանգում է լուծումների, անելիքների, աշխատանքների․․․ Սկսեցինք խոսել Շուշիից 18 կիլոմետր հեռու, Շուշիից բարձր, հայաբնակ, միշտ Շուշիի շրջանում եղած, այժմ էլ Արցախի հսկողության տակ գտնվող Լիսագորից․․․ Միշա պապիկը ոգևորվեց․․․
– Լիսագորը, գիտե՞ք՝ ինչ դիրք ունի, բնակության համար ի՛նչ հնարավորություններ․․․
Ես չեմ եղել, առաջիկայում՝ Ասկերան աշխատանքային այցին, իհարկե, կլինեմ․․․ Պատկերացնելը դժվար չէ, որ հիմնադրամներից մեկը կզբաղվի, օրինակ՝ Լիսագորի վերակառուցմամբ, այնպես որ Շուշիի դպրոց նաև Լիսագորում բացվի, ինչո՞ւ միայն Ստեփանակերտում․․․ Ձեզանից յուրաքանչյուրը կարող է հիմնադրամով կոնկրետ գործունեության իր առաջարկը բերել։
Պատերազմի հետևանքների հոգեբանական-ֆիզիկական հաղթահարումը հանրային համերաշխության, ուժերի համախմբման մի աստիճան է պահանջում, որն անհնար է առանց Արցախում, Հայաստանում պետական-ռազմական-տնտեսական՝ 1988-ից սկսած հայտնի դեմքերի ողջ հնարավորությունների՝ նյութական կարողությունների, կապերի, ազդեցությունների կենտրոնացման,․․․ Լևոն Տեր-Պետրոսյան, Վազգեն Մանուկյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան… մինչև ՀՀ հախագահ Արմեն Սարգսյան, վարչապետ Նիկոլ Փաշինյան․․․ Սեյրան Օհանյան, Յուրի Խաչատուրով… Գագիկ Ծառուկյան, Խաչատուր Սուքիասյան, Սամվել Ալեքսանյան, Բարսեղ Բեգլարյան, Ռուբեն Հայրապետյան, Սամվել Կարապետյան․․․ Պարգև Սրբազան, Բագրատ Սրբազան… Հիմնադրամների միջոցով նրանց մասնակցության ցուցանիշներն էլ՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում հավաքագրված միջոցները, կոնկրետ հաշմանդամի ներառման համար ներդրված միջոցները, կառուցված էժան-մատչելի տները-ձեռնարկությունները, անհատ ձեռներեցության խթանումը, Արցախի համայնքներում, Հայաստան տեղահանված մարդկանց կենցաղային-աշխատանքային պայմանների բարելավումը։ Այո, հումանիտար՝ մարդասիրական, բարեգործական, մշակութային գործունեության խթանում՝ նոր կազմակերպմամբ․․․
Իսկ ընտրություններից՝ արտահերթ, թե հերթական, կխոսենք առաջիկա իմ հրապարակման մեջ։